Մատչելի հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը Կազանում ընդունեցին համատեղ հայտարարություն


Հայաստանն ու Ադրբեջանը Կազանում ընդունեցին համատեղ հայտարարություն

Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի անունից տարածվել է համատեղ հայտարարություն:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2011 թվականի հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում և դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:

«Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերում, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը» - ասված է հայտարարության մեջ:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար և բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը» - նշվում է Կազանում անցկցված եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունում:

Այսպիսով, Սարգսյանին եւ Ալիեւին չի հաջողվել համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար նախատեսված պայմանագրի շուրջ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG