Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովին (Ռուսաստան) այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց կողմից ներկայումս իրականացվող աշխատանքի և հետագա ծրագրերի մասին, ինչպես նաև ներկայացրել Կազանում հունիսի 24-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման գնահատականը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 4-ին առանձին հանդիպում են ունեցել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի շրջանակներում իրականացվող աշխատանքը:

Հայտարարությունում նշվել է նաև, որ հանդիպումների ընթացքում համանախագահները ներկայացրել են Կազանում հունիսի 24-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հյուրընկալած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները և քննարկել հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշտ են` Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու և խաղաղության համապարփակ կարգավորման շրջանակ ձևավորելու համար:

«Չնայած Կազանում կողմերին չի հաջողվել վերջնական համաձայնության գալ Հիմնարար սկզբունքների շուրջ, առաջընթաց այնուամենայնիվ գրանցվել է» , - ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում: - «Կազանում կայացած հանդիպման արդյունքները, ներառյալ կողմերի հավաստիացումն առ այն, որ իրենք շարունակելու են բանակցել հակամարտության կարգավորման շուրջ, ստեղծել են այն շարժիչ ուժը, որը կողմերը պետք է օգտագործեն` Սկզբունքների շուրջ հնարավորինս արագ համաձայնության հասնելու համար»:

«Դեռևս առկա տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն Հիմնարար սկզբունքների ընդունմանը և խաղաղության գործընթացում խաղաղության պայմանագրի մշակմանն անցնելուն» - շեշտել են համանախագահները` հիշեցնելով, որ մայիսի 26-ին դովիլյան իրենց հայտարարությունում նախագահներ Մեդվեդևը, Սարկոզին և Օբաման նշել են, որ հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի նվիրվածությունը:

Եզրափակելով հայտարարությունը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են, որ ծրագրում են խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում և մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

Նմանատիպ

XS
SM
MD
LG