Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը պատասխանել է Ռուսաստանի նախագահի ուղերձին


Սերժ Սարգյանն ու Դմիտրի Մեդվեդևը` Ռուսաստանի նախագահի 2010 թվականի օգոստոսի 19-ին Երևան կատարած այցի ընթացքում (արխիվային լուսանկար)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական պատասխան է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջարկություններին:

Այս մասին հաղորդել է ռուսական «Ռեգնում» գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին:

Նախագահ Սարգսյանի կողմից ներկայացված պատասխանի մանրամասների մասին որևէ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվել:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցել էր հուլիս ամսվա սկզբին Հայաստան և Ադրբեջան կարճատև այց կատարած Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի տարբեր հայեցակետեր:

Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում և 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում հանդիպումների ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի, համատեղ հիմքերով անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու և պատահարներ հետաքննելիս վստահության ամրապնդման և համագործակցության մասին ձեռք բերված համաձայնությունների գործնական իրականացման հրատապությունը:

Նալբանդյանի և Լավրովի միջև հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էր նաև հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու աշխատանքի մարդասիրական բաղադրիչը:

Նույն օրը` հուլիսի 18-ին, Մոսկվա կատարած իր այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ռուսական կողմին փոխանցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններին:

Նմանատիպ

XS
SM
MD
LG