Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ), Բեռնար Ֆասիե (Ֆրանսիա) և Իգոր Պոպով (Ռուսաստան) (արխիվային լուսանկար)

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հուլիսի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել են հուլիսի 11-ից 18-ը ընկած ժամանակահատվածում Մոսկվայում, Վիլնյուսում, Բաքվում և Երևանում իրենց կատարված աշխատանքի մասին։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում համանախագահները նշել են, որ, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, Մոսկվայում հուլիսի 11-ին կայացել է հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են Մինսկի խմբի գործընթացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված զարգացումները։

Հաղորդագրությունում նշվել է նաև, որ Վիլնյուսում հուլիսի 13-ին Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Ազուբալիսի հետ կայացած հանդիպման ընթացքում նրանք տեղեկացրել են նախարարին Կազանում հունիսի 24-ին տեղի ունեցած հանդիպումից հետո խաղաղության գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքի մասին։

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ասված է, որ Բաքվում և Երևանում համանախագահները հանդիպում են ունեցել նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ, որոնց ընթացքում համանախագահներն ընդգծել են, որ այժմ ամուր խաղաղության հաստատման, անվտանգության և տարածաշրջանի ժողովուրդների հաշտության համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորելու ճիշտ ժամանակն է։

«Նախագահները հաստատել են առաջարկվող շրջանակային փաստաթղթի վերջին ձևակերպումների վերաբերյալ իրենց արձագանքը շուտով ներկայացնելու, ինչպես նաև համանախագահների և համանախագահող երկրների կառավարությունների հետ խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու գործընթացում աշխատանքը շարունակելու իրենց պատրաստակամությունը »,- նշված է ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված համանախագահների հայտարարության մեջ։

Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի տարբեր հայեցակետեր։

Հաղորդագրությունում նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում և 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում հանդիպումների ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի, համատեղ հիմքերով անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու և պատահարներ հետաքննելիս վստահության ամրապնդման և համագործակցության մասին ձեռք բերված համաձայնությունների գործնական իրականացման հրատապությունը։

Հաղորդագրության համաձայն, քննարկվել է նաև հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու աշխատանքի մարդասիրական բաղադրիչը։

«Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ մոտակա ժամանակ կներկայացվի Սերժ Սարգսյանի պատասխանը Կազանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքերով Դմիտրի Մեդվեդևի կողմից կազմված ուղերձին», - ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Նմանատիպ

XS
SM
MD
LG