Մատչելի հղումներ

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը


Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հունիսի 11-ին կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։

Հանդիպման ընթացքում հնարավոր է դարձել մերձեցնել դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին առնչվող մի շարք կարևոր հարցերի շուրջ։

«Վերոհիշյալ փաստաթղթի նախագիծը քննարկվելու է հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ համաժողովի ընթացքում», - ասված է Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրությունում։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը կայանալու է Կազանում հունիսի 25-ին։

Հիշեցնենք, որ այս շաբաթ տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան)։

Համանախագահները, ամփոփելով հունիսի 6-ից 9-ը տարածաշրջան կատարած իրենց այցը, հանդես են եկել հայտարարությամբ, որով հորդորել են կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարություններից:

Նմանատիպ

XS
SM
MD
LG