Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահի ելույթը ԵԽԽՎ-ի լիագումար նիստում


Հայաստանի նախագահի ելույթը ԵԽԽՎ-ի լիագումար նիստում

Աշխատանքային այցով Ստրասբուրգ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։

Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության բազմաթիվ խնդիրների և իրադարձությունների։

Մասնավորապես, Հայաստանի նախագահը նշել է, որ «վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրոպայի խորհուրդը եղել և մնում է առանցքային գործընկեր» և հարգանքի ու գնահատանքի խոսքեր է հղել Հայաստանի համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտի, Կոլոմբիեին և Ֆիշերի, ինչպես նաև հանձնակատար պարոն Համմարբերգին հասցեին՝ նրանց արդյունավետ և հետևողական ներգրավվածության համար։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի հասարակությունը սովորում է ապրել ժողովրդավարության կանոններով և հպարտ է այս ոլորտում իր ձեռքբերումներով։ Չնայած այդ ձեռքբերումներին, երկում չի դադարում քաղաքացիական հասարակության կյանքի բազմաթիվ ոլորտներում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում աշխատանքը։

«Մենք վճռական ենք սկսված փոփոխությունները շարունակելու հարցում և քաջ գիտակցում, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց հետագա արմատական բարեփոխումների, որոնք գուցե և պակաս ցավոտ չլինեն, քան մինչ օրս էին» - ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով գալիք տարվա գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի ընտրությունները Սահմանադրության և օրենքների, ինչպես նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում լավագույնս կազմակերպելու համար», և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին՝ այդ ոլորտում բազմաթիվ կառույցների հետևողական աջակցության և խորհրդատվության համար։

Ելույթում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման հարցին, Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի կարևորագույն դերերից է հանդուրժողականության արմատավորումը, և ցավով և անհանգստությամբ արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի և անհանդուրժողականության օջախներ։

Սարգսյանը հիշեցրել է, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցում «կրկին հաստատվեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում:
Սա մեզ համար ցավալի է, որովհետև դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը» - նշել է Հայաստանի նախագահը։
Խոսելով Ռուսաստանի Կազան քաղաքում մի քանի օրից իր, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահի միջև կայանալիք հանդիպման մասին, Սարգսյանը նշել է, որ, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք և կառուցողականություն, Հայաստանի ղեկավարությունն առաջընթացի ակնկալիքով է մեկնելու Կազան:

«Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, և ձևավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ և անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը», շեշտել է Սարգսյանը՝ հավելելով, թե ակնկալվում է, որ Եվրոպայի խորհուրդը չի վնասի գործընթացին, և ավելին՝ օգնություն կցուցաբերի Ղարաբաղի հետ մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության ձևավորման, ժողովրդավարության, հանդուրժողականության և ԵԽ-ի գործառույթների կարևորագույն այլ ոլորտներում աշխատելու միջոցով։

Իր ելույթում, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ այս գործընթացը մտավ փակուղի, քանի որ, վերադառնալով նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, Թուրքիան չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը։

«Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով` անսալով ազգերի և պետությունների խաղաղ գոյակցության 21-րդ դարի հրամայականին: Եվ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլև իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն: Մինչդեռ համայն հայությունը սպասում է համարժեք գնահատականի, և այդ նպատակով այսուհետ ևս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաև մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը» - շեշտել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը պատրաստ է խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն հայերի և թուրքերի համար, այլև տարածաշրջանում՝ ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման առումով:

«Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի» - ասել է Սերժ Սարգսյանը:

Եզրափակելով իր խոսքը՝ Սարգսյանը վերահաստատել է իր հավատը ընդհանուր, ընդգրկուն, խաղաղ և բարեկեցիկ Եվրոպայի ապագայի հանդեպ։
«Եվրոպայի խորհուրդը պետք է ծառայի որպես կարևոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի և Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար: Դա է պարտադրում մեզ ապագա սերունդների առջև մեր պատասխանատվությունը» - նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:


Նմանատիպ

XS
SM
MD
LG