Մատչելի հղումներ

«Նյու Յորք Թայմս». «Ադրբեջանին և Հայաստանին չի հաջողվել ավարտին հասցնել հակասությունները»


«Նյու Յորք Թայմս». «Ադրբեջանին և Հայաստանին չի հաջողվել ավարտին հասցնել հակասությունները»

«Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթի համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ ուրբաթ օրը բեկման հասնելու հույսերը տապալվել են, երբ Կազանում բանակցությունները հյուրընկալած Ռուսաստանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի երկու պետությունների ղեկավարները համաձայնության չեն եկել խաղաղության համաձայնագրի շրջանակի վերաբերյալ։

Թերթի համաձայն, միջազգային միջնորդները մեծ հույսեր էին կապում ուրբաթ օրը կայացած հանդիպման հետ, որից առաջ կոչ էին արել հավանության արժանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստող մի շարք հիմնարար սկզբունքներ։

Թերթը հիշեցնում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի «պետությունների ղեկավարները արձանագրել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերում, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը»։

«Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները համաձայնեցված դիվանագիտական ճնշում են գործադրել Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ Կազանում հիմնարար սկզբունքները հավանության արժանացնելու նպատակով» - գրում է թերթը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ ժամանակ և քաղաքական կապիտալ է ներդրել այս նախագծի մեջ, սակայն Ռուսաստանում նախընտրական ժամանակաշրջանի մոտեցումը կարող է խոչընդոտել դրան»։

Հոդվածում մեջ է բերվում «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի խոսքը, որի համաձայն «այս պահը համարվում էր վճռական»։ «Սա տեղի է ունենում ամեն տարի, դիրքորոշումները գնալով կարծրանում են, հետևաբար մեծանում է պատերազմի հավանականությունը»։

Պարբերականի փոխանցմամբ, Կազանում անցկացված բանակցություններում ներգրավված դիվանագետներից մեկը, խոսելով գաղտնիության պայմաններով, ուրբաթ օրն ասել է, որ հանդիպման արդյունքում բանակցային գործընթացը չի դադարեցվել, և աշխատանքը համաձայնություն ձեռք բերելու շուրջ շարունակվելու է։ Դիվանագետը սակայն ասել է, որ երկու կողմերը չեն գրանցել այն առաջընթացը, որն ակնկալում էին միջնորդները։

Նրա համաձայն, «բանակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ կողմերի միջև անվստահության աստիճանը դեռևս բարձր է, սակայն բոլորս զգացել ենք, որ հնարավոր էր հասնել ավելի լուրջ արդյունքների»։

Թերթը գրում է նաև, որ համաձայնության հասնելուն խոչընդոտ է եղել նաև կողմերի ներքին քաղաքականությունը, և շուրջ երկու տասնամյակ փակուղում գտնվող ղարաբաղյան հակամարտության պատճառով հրահրված կռքերը կարող են առաջացնել հասարակական զայրույթ, եթե հակամարտության կողմ հանդիսացող պետությունների ղեկավարները զիջելու փորձ կատարեին։ «Նյու Յորք Թայմս»-ի համաձայն, Կազանի հանդիպման նախօրեին միջնորդները հայտնել են, որ ըստ էության տարբերությունները մեծ չեն, սակայն պարզ չէր, արդյոք պետությունների ղեկավարներն իրենց քաղաքացիներին համաձայնությունը ներկայացնելու քաղաքական կամք կդրսևորեին։

«Ջոնս Հոփքինս» համալսարանի միջազգային առաջատար ուսումնասիրությունների ֆակուլտետի Կովկասի գծով փորձագետ Սվանթե Քորնելի համաձայն, բանակցությունների այս փուլը չափազանց ծանոթ էր թվում՝ լավատեսություն ներշնչելու համար։

«Հիասթափված լինելու համար սպասումներ է պետք ունենալ», - «Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, ասել է Քորնելը՝ հավելելով. «Ես սպասումներ չունեի։ Մոտ մեկ տասնամյակ այս հակամարտության շուրջ զարգացումներում չափազանց շատ են եղել այն պահերը, երբ համանախագահներն ու այլոք հույսեր են հայտնել, սակայն առանց որևէ արդյունքի»։

Նմանատիպ

XS
SM
MD
LG