Մատչելի հղումներ

Թոմաս դը Վաալ. «Խաղաղության հաստատման կամ պատերազմի հավանականությունն է՛լ ավելի է մեծացել»


Թոմաս դը Վաալ (արխիվային լուսանկար)

«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը «National Interest» հանդեսում մայիսի 31-ին հրապարակած իր հոդվածում, անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև Ռուսաստանի Կազան քաղաքում հունիսի 25-ին կայանալիք հանդիպմանը, նշում է, որ հանդիպման նախօրեին Կովկասում խաղաղության հաստատման կամ պատերազմի ծավալման հավանականությունն է՛լ ավելի է բարձրացել:

Դը Վաալի համաձայն, «հունիսի վերջին Կազանում նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդների աջակցությամբ, վճռական քայլ է կատարելու` նախագահներ Ալիևի և Սարգսյանի կողմից արդեն հինգ տարի քննարկվող Հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ընդունման ուղղությամբ»:

Անդրադառնալով «Մեծ ութնյակ»-ի շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսատանի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությանը` դը Վաալը նշել է, որ այն հակամարտության վերաբերյալ միջազգային հանրության կողմից վերջին տարիներին ընդունված ամենալուրջ հայտարարությունն է:

«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբանը նշում է, որ արցախյան հակամարտությունը, գտնվելով ռազմավարական տեսակետից չափազանց զգայուն տարածաշրջանում, Կոսովոյի հակամարտության համեմատ շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում: «Եթե կողմերից մեկը որոշի վերսկսել ռազմական գործողությունները, իսկ այդ կողմը կլինի 1991-ից 1994 թվականների հակամարտությունում պարտված Ադրբեջանը, ապա դա աղետալի հետևանքների կբերի» - շեշտել է դը Վաալը:

Նա ասել է նաև, որ չնայած փակ դռների հետևում անցկացվող ինտենսիվ բանակցություններին, երկու պետությունների ղեկավարները մինչ այժմ մաքսիմալիստական դիրքորոշումներ են բարձրաձայնել` իրենց հակառակորդին դիմելով տեղի տալու կոչերով: «Ադրբեջանական կողմի հռետորությունը հատկապես կոպիտ է», - ասել է դը Վաալը` հիշեցնելով դովիլյան հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի կողմից Հայաստանի նախագահին «հանցագործ» անվանելու և նրա «ֆաշիստական վարչակարգը տապալելու» անհրաժեշտության մասին արտահայտությունները:

Դը Վաալը ողջունել է դովիլյան հայտարարության այն տողը, որտեղ ասված է. թե «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի նվիրվածությունը»: Դը Վաալի մեկնաբանությամբ, դա նշանակում է, որ «այժմ ունենք կիրառելի փաստաթուղթ, որի նկատմամբ լուրջ վերաբերմունքն ապացուցելու համար պետք է ստորագրել այն»:

«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբանը շեշտել է սակայն, որ օտարերկրյա տերությունների կողմից նույնպես պետք է լուրջ մոտեցում ցուցաբերվի, և եթե խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը հավանության չեն արժանանում պետությունների ներսում, ապա միջազգային հանրությունը պետք է սատարի նախագահների վճռականությունը: Նա նշել է, որ դա հատկապես կարևոր կլինի շրջանակային ծրագրի հաստատումից հետո համաձայնության դրույթների և տեղում իրականացվող գործողությունների միջև անխուսափելի տարբերության առկայության դեպքում, քանի որ կործանիչ ուժերը շտապելու են խափանել այդ ծրագիրը:

«Կազանի հանդիպման նախօրեին Կովկասում խաղաղության հաստատման կամ պատերազմի ծավալման հավանականությունն է՛լ ավելի է բարձրացել», - եզրափակել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը:

XS
SM
MD
LG