Մատչելի հղումներ

«Վաշինգտոն փոստ». «Լեռնային Ղարաբաղը ցանկանում է մասնակցել բանակցային գործընթացին»


«Վաշինգտոն փոստ». «Լեռնային Ղարաբաղը ցանկանում է մասնակցել բանակցային գործընթացին»

«Վաշինգտոն փոստ» ամերիկյան օրաթերթն իր «Լեռնային Ղարաբաղը ցանկանում է մասնակցել բանակցային գործընթացին» վերնագրով հոդվածում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրին։

Պարբերականի հեղինակ Վին Էնգլունդը, որը նույն թերթում օրերս մեկ այլ հոդված էր հրապարակել նույն խնդրի շուրջ «Ճգնաժամերի լուսաբանման պուլիտցերյան կենտրոն»-ի հետ համատեղ մշակված հոդվածում, գրում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ ավելի քան մեկ տասնամյակ փորձում են հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը վերջապես թույլ կտա կարգավորել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող վեճը։

Էնգլունդը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղը, սակայն, չի մասնակցում բանակցային գործընթացին, և որ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, թե առանց բանակցություններում Ղարաբաղի անմիջական մասնակցության, անհնար է հասնել որևէ կարգավորման։

«Վաշինգտոն փոստ»-ը, մեջբերելով Սահակյանի խոսքերը, գրում է, որ «Լեռնային Ղարաբաղը պատրաստ է փոխզիջման գնալ, սակայն այն պետք է Ադրբեջանի հետ խնդիրը քննարկելու անմիջական հնարավորություն ունենա»։

Ամերիկյան պարբերականը գրում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի քննարկումների հետ ծանոթ պաշտոնատար անձանց համաձայն, պարզ է, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի համար, սակայն այս խնդիրը բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում քննարկվելիք խնդիր է, և քիչ է հավանական, որ այդ քննարկումները կմեկնարկեն մոտ ապագայում»։

«Վաշինգտոն փոստ»-ն իր հոդվածում հիշեցնում է, որ Կազանում հունիսի 24-ին կայացած բանակցությունների վերջին փուլը ավարտվեց անարդյունք, որ Լեռնային Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ այս կապակցությամբ կարծում են, թե եկել է նոր մոտեցման՝ բանակցային գործընթացում իրենց մասնակցելու հնարավորություն ընձեռելու ժամանակը։

Հոդվածում նշվում է, որ բանակցությունները մեկնարկելու ժամանակից Լեռնային Ղարաբաղը նման դեր չի պահանջել, քանի որ բանակցությունների սկզբում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել էր Հայաստանի նախագահ՝ խոստանալով չդավաճանել իր հայրենիքը։

«Լեռնային Ղարաբաղը կարծում էր, որ կարող է նրան վստահել իր շահերը, սակայն մեկ տասնամյակ անց որոշ պաշտոնատար անձինք դա ռազմավարական սխալ են համարում։ Նրանք նույնն են կարծում, չնայած Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես բարձր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանը, իրենց կարծիքով, ունի սեփական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Լեռնային Ղարաբաղի շահերին հետ», - գրում է «Վաշինգտոն փոստ»-ը։

Թերթը գրում է, որ տարբերություններից մեկն այն փաստն է, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն սկսեց պահանջել դեռևս 1988 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից երեք տարի առաջ, և 1991 թվականին՝ Հայաստանից և Ադրբեջանից առաջ, հայտարարեց իր անկախության մասին։

Հոդվածում Լեռնային Ղարաբաղի նախկին արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեջբերվող կարծիքի համաձայն, «հայաստանցիները սկզբից չստացան ազատություն, ապա՝ անկախություն։ Նրանք ազատություն չստացան իրենց մտքում՝ ազատություն, որը թույլ կտար նրանց գնահատել անկախությունը։ Այդ առումով Ղարաբաղն ավելի մեծ փորձ ունի»։

Հոդվածում Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի մեջբերվող խոսքի համաձայն, խնդիրը գործընթացում հետևյալ սխալի մեջ է. 1991 թվականին միջազգային հանրությունը որոշեց ճանաչել նախկին ԽՍՀՄ-ի նորանկախ հանրապետությունների խորհրդային ժամանակաշրջանի սահմանները։ Հենց այդ է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել, չի հրավիրվել բանակցություններին մասնակցելու և շարունակում է պաշտոնապես Ադրբեջանի մաս համարվել՝ չնայած հանրապետությունն իր անկախության մասին որոշումն ընդունել է նախքան Խորհրդային Միության փլուզումը։

Մայիլյանի համաձայն, Մինսկի խմբի աշխատանքը կարող է արդյունավետ լինել, սակայն այն արգելակվելու է այնքան ժամանակ, որքան իր աշխատանքի հիմքում սխալ նախադրյալ է ընկած լինելու։

«Վաշինգտոն փոստ»-ը գրում է, որ միևնույն ժամանակ, որոշ կարծիքների համաձայն, Լեռնային Ղարաբաղը, չմասնակցելով բանակցային գործընթացին, ստանում է փոխզիջման ցանկացած որոշման վրա վետո դնելու իրավունք։

«Սահակյանը, պահանջելով Ղարաբաղին մասնակից դարձնել բանակցային գործընթացին», - գրում է պարբերականը, - «միևնույն ժամանակ նշում է, որ չի ցանկանում խախտել Մինսկի խմբի գործընթացը՝ ընդգծելով, որ բանակցությունները տարածաշրջան են բերել որոշակի խաղաղություն և կայունություն»։

«Սահակյանը շեշտում է նաև, որ գնահատում է ցանկացած, նույնիսկ խեղաթյուրված, ձևաչափով նման հանդիպումները, քանի որ դրանք մեծացնում են բանակցային գործընթացի մասնակից դառնալու Լեռնային Ղարաբաղի հնարավորությունները» - գրում է «Վաշինգտոն փոստ» ամերիկյան պարբերականը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG