Մատչելի հղումներ

Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիրները հորդորել են ԱՄՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը


«Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունել է բանաձև, որտեղ հորդորել է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Այս մասին վկայում են ամերիկայում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» և «Արմենիան Ուիքլի» պարբերականները:

Պարբերականների վեբ-կայքերում հրապարակված հաղորդագրությունների համաձայն, Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընդունված բանաձևում բարձր են գնահատվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ազատ և անկախ պետականության կառուցման ուղղությամբ և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և միջազգային հանրության հետ ունեցած կառուցողական շփումները:

Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, ըստ հաղորդագրությունների, ընդունվել է նիստերի դահլիճում Միացյալ Նահանգներում և Կանադայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, ինչպես նաև նրան ուղեկցող տեղական հայկական համայնքի պատվիրակության ներկայությամբ:

Այս իրադարձության հետ գրեթե մեկտեղ ԱՄՆ-ի կոնգրեսականներ, Ռոդ Այլենդ նահանգից ընտրված դեմոկրատներ Ջեյմս Լանգևինն ու Դեյվիդ Սիլիլին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օգտին հայտարարություններով են հանդես եկել:

«Այժմ ավելի կարևոր է, քան երբևէ, որի Միացյալ Նահանգները տարածաշրջանում դրսևորի խաղաղության պահպանման դիրքորոշում, ցույց տա, որ հակամարտության արդյունքում կարող է սկիզբ առնել ժողովրդավարություն, և սատարի Լեռնային Ղարաբաղը: Հուսով եմ, որ ինքնորոշման Լեռնային Ղարաբաղի իրավունքը հնարավոր կլինի հաստատել առանց մարդկանց կյանքի կորստի», - ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջեյմս Լանգևինը:

XS
SM
MD
LG