Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն այցելել է ԱՄՆ-ի դեսպանատուն, ուղերձ հղել ԱՄՆ-ի նախագահին


Հայաստանի նախագահն այցելել է ԱՄՆ-ի դեսպանատուն, ուղերձ հղել ԱՄՆ-ի նախագահին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի չորսին այցելել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն և շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։

Ուղերձում Հայաստանի նախագահը նշել է, որ 235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարևորագույն հանգրվան ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության, սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության բարձրագույն արժեքների ամրագրման ճանապարհին:

«Անգնահատելի է այն շարունակական և համակողմանի աջակցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանին՝ քսանամյակը բոլորող անկախության առաջին տարիներից ի վեր» - ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղերձում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օբամայի վարչակազմին և անձամբ ԱՄՆ-ի նախագահին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական և կառուցողական ջանքերի համար, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։

Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Միացյալ Նահանգների հետ շարունակվող սերտ գործակցությանն ու գործընկերային ջերմ հարաբերություններին, երկկողմ կապերի վերընթաց զարգացմանը, երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդմանն ու խորացմանը:

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում գործակցության առկա որակական մակարդակը ավելի բարձրացնելու համար», - եզրափակելով Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ իր ուղերձը՝ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG