Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընի հետ


Հիլարի Քլինթընի և Սերժ Սարգսյանի միջև հանդիպումը 2010 թվականի հուլիսի 4–ին (արխիվային լուսանկար)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի հետ։

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի հեռախոսազրույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը հուլիսի 7-ին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կայանալիք այցի մասին։

Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային կարճ այցով կայցելի Երևան և Բաքու։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «շատ շուտով» որոշում է կայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդության հետագա քայլերի շուրջ:

Սերգեյ Լավրովն ասել էր, որ Անդրկովկասում ստեղծվող իրավիճակը մշտապես քննարկվել է իր և Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների ընթացքում, և այս հանդիպման ժամանակ իրենք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Կազանում հունիսի 24-ին կայացած հանդիպման շուրջ:

«Մենք նշեցինք, որ Կազանում նախագահները հանդես են եկել մի շարք կարևոր խնդիրների շուրջ համաձայնություն ձեռք բերելու մասին հայտարարությամբ, ինչը նպաստում է Հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար պայմաններ ստեղծելուն: Հուսով եմ, որ այս աշխատանքը շարունակվելու է նաև մոտ ապագայում», - նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Մամուլի հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովը շեշտել էր, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Դովիլում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հայտարարությունում նշված, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից մի քանի տարվա ընթացքում հավանության արժանացրած դիրքորոշմանը, որը ոչ միայն հաստատում է հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու իրենց հաստատած դիրքը, այլև պարունակում է մի շարք համաձայնություններ` ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը, վստահության ամրապնդմանը և միջադեպերի կանխարգելմանը:

Սերգեյ Լավրովն ասել էր նաև, որ բանակցային գործընթացն այն փուլում է, երբ «անհրաժեշտ է որոշումներ կայացնել»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG