Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետ. «Հարևանների հետ ունեցած խնդիրները քայքայում են Թուրքիայի ազդեցությունը»


Հայաստանի վարչապետ. «Հարևանների հետ ունեցած խնդիրները քայքայում են Թուրքիայի ազդեցությունը»

«CNN» ամերիկյան հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը ճանաչված լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի տնտեսության վրա ինչ ազդեցություն ունեցավ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և ինչ քայլեր են ձեռնարկվել ճգնաժամի հետևանքները վերացնելու ուղղությամբ, վարչապետ Սարգսյանն ասել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի տնտեսությունը բավարար չափով բազմազանված չէ: Վարչապետը հույս է հայտնել, որ բարեփոխումների իրականացման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելով` Հայաստանն ի վիճակի կլինի բարելավել գործնական միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները:

Հարցազրույցի ընթացքում վարչապետը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ, դժբախտաբար, Հայաստանի առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է:

Խոսելով Հայաստանի տնտեսությունում սփյուռքից կատարված ներդրումներին վերաբերող հարցի շուրջ` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է, որի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում ներկայումս կազմում է 60-ից 70 տոկոս:

Հայաստանի վարչապետի համաձայն, սփյուռքից ուղղակի ներդրումների, ինչպես նաև մասնավոր դրամական փոխանցումների տեսքով ստացվող գումարներն օգնեցին Հայաստանին հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները:

Հարցազրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը վերաբերող հարցերի:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջ շարժվելու համար իրատեսական հնարավորության առկայության մասին հարցին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ղեկավարությունն ունի քաղաքական կամք` հաշտության գալու համար և գիտակցում է, որ այն հեշտ չի լինելու: «Հուսով ենք նաև, որ մեր ադրբեջանցի գործընկերները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը» - ասել է Հայաստանի վարչապետը:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցի շուրջ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած վայրագությունների հարցի առնչությամբ և պատրաստ է բարելավել հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: «Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը», ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի համար տարածաշրջանում Թուրքիայի ունեցած դերը, ինչպես նաև տնտեսական հզորությունը չեն խոչընդոտում այս տարաձայնությունը կարգավորելու հարցում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճի, եթե այն հետևի խաղի միջազգային կանոններին, և այդ երկրի ազդեցությունը քայքայվում է իր հարևանների հետ ունեցած խնդիրների պատճառով:

«Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, և այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարևան երկրի հետ», - «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

XS
SM
MD
LG