Մատչելի հղումներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացված հանդիպման մասին:

Հաղորդագրության համաձայն, Սերգեյ Լավրովը նախկինում ձեռք բերված համաձայնության արդյունքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ կայացած հանդիպման ընթացքում անցկացված խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են Մինսկի խմբի համանախագահ երկրների աշխատանքի հետագա համակարգման խնդիրները` հաշվի առնելով հունիսի 24-ին Կազանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ կայացած գագաթաժողովի արդյունքները: Քննարկվել են նաև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից` որպես բանակցային գործընթացում միջնորդ պետությունների ձեռնարկված գործողությունները:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին տեղի էր ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Հայաստանի իր պաշտոնակից էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը որոշում է կայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդության հետագա քայլերի շուրջ:

Լավրովն ասել էր, որ Անդրկովկասում ստեղծվող իրավիճակը մշտապես քննարկվել է իր և Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ընթացքում, և այս հանդիպման ժամանակ իրենք մտքեր էին փոխանակել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Կազանում հունիսի 24-ին կայացած հանդիպման շուրջ:

«Մենք նշեցինք, որ Կազանում նախագահները հանդես են եկել մի շարք կարևոր խնդիրների շուրջ համաձայնություն ձեռք բերելու մասին հայտարարությամբ, ինչը նպաստում է Հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար պայմաններ ստեղծելուն: Հուսով եմ, որ այս աշխատանքը շարունակվելու է նաև մոտ ապագայում», - իր խոսքում նշել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Հարցուպատասխանի ընթացքում Սերգեյ Լավրովը շեշտել էր, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Դովիլում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հայտարարությունում նշված, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից մի քանի տարվա ընթացքում հավանության արժանացրած դիրքորոշմանը, որը ոչ միայն հաստատում է հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու իրենց հաստատած դիրքը, այլև պարունակում է մի շարք համաձայնություններ` ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը, վստահության ամրապնդմանը և միջադեպերի կանխարգելմանը:

«Ընդամենը մի քանի օր առաջ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում իրականացված մեկ այլ մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ պատահարների թիվը նվազում է: Սա դրական միտում է, և մենք անելուն ենք ամեն ինչ, որպեսզի այն գնալով ամրապնդվի և նշված համաձայնությունները ի կատար ածվեն», - ասել էր Լավրովը` հավելելով. «Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Դմիտրի Մեդվեդևը, որպես բանակցային գործընթացի միջնորդ, ավարտին է հասցրել Կազանի հանդիպումից հետո ձևավորված իրավիճակի վերլուծությունը և շատ շուտով որոշում է կայացնելու հետագա քայլերի վերաբերյալ»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայիս ձևաչափի արդյունավետությանը վերաբերող հարցին` Սերգեյ Լավրովն ասել էր, որ գործընթացն այն փուլում է, երբ «անհրաժեշտ է որոշումներ կայացնել»:

«Չեմ կարծում, որ միջնորդության ձևաչափը փոխելու վերաբերյալ քննարկումները, մանավանդ վճռորոշ այլ փուլում, արդյունավետ կլինեն», - ասել էր Լավրովը` հավելելով. «Միջնորդության ձևաչափը մշտապես փոփոխելու մասին գաղափարները շեղում են ուշադրությունը էական խնդիրներից»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG