Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 18-ին ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում շարունակվեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ քննարկումները:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորությունները:

Հաղորդագրության համաձայն, միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, որպես բանակցային գործընթացի տրամաբանությանը և միջնորդների դիրքորոշմանը հակասող է որակավորել վերջիններս:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ
Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, որն այցելություն է կատարում Մոսկվա, ռուսական կողմին փոխանցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններին։

«ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս հայտարարությամբ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք, որ հուլիս ամսվա սկզբին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այցելել է Հայաստան և Ադրբեջան՝ փոխանցելով երկրների նախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկությունները։

«Էլմար Մամեդյարովն այսօր փոխանցել է ինձ այս առաջարկությունների շուրջ Ադրբեջանի նախագահի պատասխանը։ Չենք կասկածում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տարածաշրջանային օրակարգի առաջնություններից մեկն է», - ասել է Լավրովը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հրաժարվել է Ադրբեջանի նախագահի պատասխանի մանրամասները բացահայտելուց։

«Չեմ բացահայտում բոլոր մանրամասները, քանի որ սա իմ նախագահի նամակն է Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևին, և սխալ կլինի բացահայտել այս նամակի մանրամասները», - նշել է Մամեդյարովը՝ հավելելով, որ «պետք է սպասել նաև հայկական կողմի պատասխանին»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ նախագահ Մեդվեդևը դեռևս չի ծանոթացել Ադրբեջանի նախագահի պատասխանի տեքստին։

Մամեդյարովն ասել է, թե «ընդհանուր առմամբ Ադրբեջանը կարծում է, որ Կազանում ընդունված հայտարարության համաձայն առկա է առաջընթաց, այն տեսանելի է, սակայն բոլորը կցանկանային, որպեսզի այն լինի ճեղքվածք»։ «Համենայն դեպս, մենք անընդհատ առաջ ենք շարժվում» – ասել է Մամեդյարովը ։

«Բոլորը հասկանում են, որ ներկայիս իրավիճակն արդեն չի բավարարում կողմերից և միջնորդներից՝ Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Ռուսաստանին և ոչ մեկին, և այն անընդունելի է դառնում նաև մեր հարևանների համար», - Մոսկվայում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG