Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը


Նախագահներ Օբաման և Մեդվեդևը Լոնդոնում, 2009 թ. (արխիվային լուսանկար)
Նախագահներ Օբաման և Մեդվեդևը Լոնդոնում, 2009 թ. (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք երկկողմ և միջազգային խնդիրներ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։

ԱՄՆ-ի նախագահը հեռախոսազրույցի սկզբում իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի նախագահին «Բուլգարիա» զբոսանավի վթարման կապակցությամբ։

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող միջնորդական աշխատանքին։

«Նախագահ Օբաման խոստացել է նաև. որ Միացյալ Նահանգները օժանդակելու է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ մեկնարկելուն ուղղված շրջանակային պայմանագիր մշակելու ջանքերին» - ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացրել է նաև, որ նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին Լիբիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օժանդակել Լիբիայում ժողովրդավարական անցմանն ուղղված բանակցություններին՝ Մուամար Քադաֆիի կողմից հրաժարական ներկայացնելու պայմանով։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու պետությունների նախագահները քննարկել են նաև Սուդանում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը և այս երկու երկրներում իրենց պետությունների ընդհանուր շահերը։

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահները անդրադարձել են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հետ կապված խնդիրները՝ համաձայնելով հնարավորինս սեղմ ժամկետում ավարտական տեսքի բերել այս բանակցությունների շուրջ հայեցակետային բոլոր մոտեցումները։

Հեռախոսազրույցի ավարտին ԱՄՆ-ի նախագահը հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որ ակնկալում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը։

Հիշեցնենք, որ նույն օրը կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ կայացած հանդիպման ընթացքում անցկացված խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են Մինսկի խմբի համանախագահ երկրների աշխատանքի հետագա համակարգման խնդիրները` հաշվի առնելով հունիսի 24-ին Կազանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ կայացած գագաթաժողովի արդյունքները:

Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից` որպես բանակցային գործընթացում միջնորդ պետությունների ձեռնարկված գործողությունները:

Նմանատիպ

XS
SM
MD
LG