Մատչելի հղումներ

ԵԱԿՀ-ի Մինսկի խմբի համանախագահները դիտարկման ընթացքում հատել են շփման գիծը


ԵԱԿՀ-ի Մինսկի խմբի համանախագահները դիտարկման ընթացքում հատել են շփման գիծը
ԵԱԿՀ-ի Մինսկի խմբի համանախագահները դիտարկման ընթացքում հատել են շփման գիծը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաքելությունը հունիսի 7-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինուժի շփման գոտում:

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, դիտարկումն իրականացվել է Ակնա-Բարդա գծի ուղղությամբ: ԼՂՀ-ի պաշտպանական բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Հակառակ կողմից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ-ի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի (Հունգարիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասի (Լիտվա) կողմից:

Դիտարկման ընթացքում աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հատել են շփման գիծը նախապես ականազերծված հատվածում:

Դիտարկումը, որի ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, իրականացվել է նախապես հաստատված ժամանակացույցով:

Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ, համանախագահ Իգոր Պոպովը, գտնվելով շփման գծում, լրագրողներին հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացն ակտիվացել է և շուտով կարելի է որոշակի արդյունքներ ակնկալել:

Ռոբերտ Բրադկեն նշել է, որ Մինսկի խմբի գործունեությունը նպատակաուղղված է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն, այդ իսկ պատճառով համանախագահները կարևորում են հակամարտության կողմերի ներկայացուցիչների միջև հաճախակի հանդիպումների անցկացումը:

Ըստ «Trend» գործակալության, համանախագահ Բերնար Ֆասիեն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճի խաղաղ կարգավորման մեջ հետաքրքրված համանախագահների համոզմամբ, առկա է բանակցությունների ակտիվացման անհրաժեշտություն:

Նմանատիպ

XS
SM
MD
LG