Մատչելի հղումներ

«Վաշինգտոն փոստ». «Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց Ղարաբաղում դժվար է խաղաղություն հաստատել»


«Վաշինգտոն փոստ». «Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց Ղարաբաղում դժվար է խաղաղություն հաստատել»

«Վաշինգտոն փոստ» ամերիկյան օրաթերթն իր «Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց Ղարաբաղում դժվար է խաղաղություն հաստատել» խորագրով հոդվածում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

Օրաթերթի հեղինակ Վին Էնգլունդը, որը նույն պարբերականում վերջերս մի շարք հոդվածներ էր հրապարակել արցախյան հիմնախնդրի շուրջ, նշում է, որ ճգնաժամը, որը Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 20 տարիների ընթացքում երբևէ ավարտի չի հասել, ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում մարդու իրավունքները, մամուլի ազատությունը և իրական ընդդիմությունն անցնում են հետին պլան, ինչը բնորոշ է ճգնաժամի պայմաններին: Հոդվածում մեջ են բերվում Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքերը, որի համաձայն «ժողովրդավարության զարգացումը պատանդ է դարձել հակամարտության, ինչը շատ հարմար է տոտալիտար վարչակարգերի համար»:

Հեղինակն իր հոդվածում նշում է նաև, որ պատերազմի վերսկսումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ներգրավված բոլոր կողմերի համար, քանի որ հակամարտության կողմերը, մասնավորապես Ադրբեջանը, այժմ շատ ավելի լավ են զինված, քան 1991 թվականին, և Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար շատ դժվար կլինի չմիջամտել հակամարտությանը և պահել այն Լեռնային Ղարաբաղի սահմաններում: Հոդվածում նշվել է նաև, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կարող է փակվել նաև Աֆղանստանում Միացյալ Նահանգների զորամիավորումների մատակարարման հիմնական ճանապարհներից մեկը:

«Ադրբեջանն ասում է, որ երբեք պաշտոնապես չի հրաժարվի այս տարածքից: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ասում է, որ երբեք չի հրաժարվի ինքնորոշման իրենց իրավունքից: Երկու տասնամյակ շարունակ, երկու կողմերը բորբոքված են պահում կրքերը, ինչը, իր հերթին, նպաստում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող քաղաքականությանը», - գրում է «Վաշինգտոն փոստ»-ը` հավելելով, որ պահպանվում է «պատահական պատերազմի» բարձր հավանականություն:

XS
SM
MD
LG