Մատչելի հղումներ

Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին ԼՂ հակամարտության խնդրի շուրջ հայտարարություն են ընդունել


Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին ԼՂ հակամարտության խնդրի շուրջ հայտարարություն են ընդունել
Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին ԼՂ հակամարտության խնդրի շուրջ հայտարարություն են ընդունել

Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «վճռորոշ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Այս հայտարարությամբ Ռուսատանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Ֆրանսիայի Դովիլ քաղաքում անցկացվող «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի ընթացքում:

ԵԱՀԿ-ում համանախագահող երկրների նախագահների կողմից տարածված համատեղ հայտարարությունում ասված է. «Վերահաստատում ենք, որ միա՛յն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման` նոր հնարավորություններ բացելով տարածաշրջային զարգացման և համագործակցության համար»:

«Կրկին անգամ ուժի կիրառումը միայն կբերի նոր տառապանքներ և ավերածություններ և կդատապարտվի միջազգային հանրության կողմից», - նշվում է հայտարարությունում: - «Հորդորում ենք կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Հայտարարությունում ասված է, որ բոլոր մակարդակներում կողմերի և համանախագահների կողմից գործադրված ջանքերը զգալի արդյունքների են հանգեցրել, և որ Սոչիում մարտի 5-ին քննարկված Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակով համապարփակ խաղաղ կարգավորում ձևակերպելու արդարացի և հավասարակշռված հիմք է ձևակերպվել: «Այս փաստաթղթով, որի հիմքում ընկած են Հելսինկյան վերջնական ակտի, ինչպես նաև 2009 թվականին Լ’Աքվիլայում և 2010 թվականին Մուսկոկայում ընդունված համատեղ հայտարարության որոշ տարրեր, բոլոր կողմերին հնարավորություն է տրվում առաջընթաց կատարել` հաղթահարելով անընդունելի ստատուս քվոն»:

«Այսպիսով, կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել` հունիս ամսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում վերջնական տեսքի բերելով Հիմնարար սկզբունքները», - ասված է Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի համատեղ հայտարարությունում` հավելելով, որ հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի նվիրվածությունը:

«Համաձայնություն ձեռք բերելուց հետո, պատրաստ ենք ճանաչել Սկզբունքների պաշտոնական ընդունումը, աջակցություն ցուցաբերել խաղաղ համաձայնագրի մշակմանը և հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը», - եզրափակում է Ռուսատանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը:

XS
SM
MD
LG