Մատչելի հղումներ

Գայթներ. «Միացյալ Նահանգները շատ քիչ ժամանակ ունի պարտքի խնդիրը կարգավորելու համար»


Գայթներ. «Միացյալ Նահանգները շատ քիչ ժամանակ ունի պարտքի խնդիրը կարգավորելու համար»
Գայթներ. «Միացյալ Նահանգները շատ քիչ ժամանակ ունի պարտքի խնդիրը կարգավորելու համար»

Միացյալ Նահանգների ֆինանսական ոլորտում գործող բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս նոր նախազգուշացումներով այն աղետալի հետևանքների վերաբերյալ, որոնք սպասում են պետությունն այն դեպքում, եթե օրենսդիրները չկարողանան մինչև օգոստոսի 2-ը համաձայնության գալ երկրի պարտքի առավելագույն սահմանը բարձրացնելու շուրջ։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ երկիրը «շատ քիչ ժամանակ ունի»՝ 14,3 տրիլիոն դոլար կազմող պարտքի առավելագույն սահմանը բարձրացնելու համար։

Գայթների համաձայն, Վաշինգտոնը պետք է կատարի պարտքի դեմ վճարման իր պարտավորությունները և եկել է «առաջ շարժվելու ժամանակը»։

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի նախագահ Բեն Բեռնանկեն Միացյալ Նահանգների Սենատի հանձնաժողովին ավելի վաղ հայտնել է, որ պարտի սահմանը բարձրացնել չկարողանալու դեպքում «աղետալի հետևանքներ են սպասվում»։ Բեռնանկեն զգուշացրել է նաև, որ չափազանց մեծ թվով ծախսերի կրճատման դեպքում կարող է վնաս հասցվել տնտեսության վերականգնմանը, որը դեռևս անկայուն է։

Բանակցությունները կրկին փակուղի են մտել

Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության առաջնորդը խիստ քննադատության է ենթարկել հանրապետական բանագնացներից մեկին։ Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդը «մանկամիտ» է անվանել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Էրիկ Քանթորին՝ ասելով, որ վերջինիս պետք է հեռացնել հետագա բանակցություներին մասնակցելուց։ Քանթորը չորեքշաբթի օրը մեղադրել է նախագահ Օբամային բանակցությունների հերթական փուլից զայրացած դուրս գալու մեջ, սակայն ինքն է նախկինում դուրս եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ անցկացվող բանակցություններից։

Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը քննադատել է նախագահի դիրքորոշումը և ասել, որ իր համակուսակիցները «չպետք է Օբամայի տնտեսության համար հարկահավաք դառնան»։

Պարտքային պարտավորությունները չկատարելու հետևանքները

«Moody's Investors Service» վարկանշային գործակալությունը չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել վարկային իր բարձր վարկանիշը՝ երկրի պարտքային պարտավորությունների առավելագույն սահմանի և բյուջեի պակասորդի շուրջ բանակցություններում համաձայնության չգալու պատճառով։ ԱՄՆ-ի պարտատոմսերի վարկանիշի իջեցման հետևանքով Միացյալ Նահանգները ստիպված է լինելու ավել մեծ գումարներ վճարել՝ փոխառությունների տոկոսադրույքների աճի պատճառով։

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի նախագահ Բեռնանկեի համաձայն, վարկանիշի իջեցումը կարող է «արատավոր շրջանի» առաջացման հանգեցնել, որի դեպքում երկրի համար գնալով ավելի դժվար կդառնա սպասարկել երկրի պարտքը։

Երկրի արտաքին պարտքի հետ կապված խնդիրը կարգավորելու կոչերով ավելի հաճախ են սկսել հանդես գալ առևտրային և բանկային ոլորտներում գործող կազմակերպությունները։ ԱՄՆ-ի մասնավոր խոշորագույն ֆինանսական ընկերություններից մեկի ղեկավարը հինգշաբթի օրն ասել է, որ «պարտքի առավելագույն սահմանի կարգավորման խնդրի լուծումն առաջնային նշանակություն ունի»։

«JP Morgan Chase» ընկերության գործադիր տնօրեն Ջեմի Դայմոնի համաձայն, երկրի պարտքային պարտավորությունների չկատարումը անպատասխանատու կլինի, քանի որ հետևանքներն աղետալի կլինեն։

Չինաստանի վարկանշային գործակալություններից մեկը հինգշաբթի օրը հայտնել է, որ կարող է նվազեցնել ԱՄՆ-ի պետական պարտքի վարկանիշը։ «Dagong Global Credit Rating» ընկերության համաձայն, այն նախատեսում է ն նվազեցնել ԱՄՆ-ի վարկանիշը «դիտարկման ժամանակահատվածում հետվճարման կարողությունների զգալի փոփոխություն չգրանցելու դեպքում»։ Չինաստանի Միացյալ Նահանգների պետական պարտքի ամենախոշոր գնորդն է։

Նմանատիպ

XS
SM
MD
LG