Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հորդորել է աշխատատեղերի ստեղծման մասին օրենք ընդունել


Նախագահ Օբաման հորդորել է աշխատատեղերի ստեղծման մասին օրենք ընդունել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Միչիգան նահանգ կատարած իր այցի ժամանակ ասել է, որ ամերիկացիները պետք է ճնշում գործադրեն Կոնգրեսի վրա՝ ստիպելով վերջինիս աշխատատեղերի ստեղծման մասին օրենք ընդունել:

Այս հայտարարությումբ Օբաման հանդես է եկել Միչիգան նահանգում գտնվող Հոլանդ քաղաքի հիբրիդային և էլեկտրական մեքենաների համար մարտկոցներ արտադրող գործարաններից մեկի աշխատողների հետ իր հանդիպման ընթացքում:

Նախագահ Օբամայի համաձայն, երկրի տնտեսությունը նախատեսվածից դանդաղ է աճում: Նա նաև հայտնել է իր հիասթափությունը Կոնգրեսում առաջացած փակուղու կապակցությամբ, որը խաթարել է հասարակության վստահությունն այս մարմնի նկատմամբ:

Նախագահը կոչ է արել լսարանին զանգահարել կոնգրեսականներին և հորդորել նրանց ընդունել աշխատավարձերի հարկումը հետաձգելու, ճանապարհաշինությունը ֆինանսավորելու և ազատ առևտրի պայմանագրերը հավանության արժանացնելու մասին օրինագծերը: Օբամայի համաձայն, նման օրենքների ընդունումն օգնում է աշխատանքով ապահովել պատերազմից վերադարձող և քաղաքացիական կյանքի անցնող զինծառայողներին:

Բարաք Օբաման խոստացել է նաև հետագա մի քանի շաբաթվա ընթացքում Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել աշխատատեղերի ստեղծմանը նպաստող այլ օրինագծեր:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնին հինգշաբթի օրը հայտնել է այն մասին, որ, ըստ նախագահի, շատ կարևոր է ամերիկացիների հետ քննարկել երկրի տնտեսական վիճակը: Այս նպատակով հաջորդ շաբաթվա ընթացքում նախագահը մի շարք այցելություններ կկատարի Միացյալ Նահանգների Միջին Արևմուտքի բնակավայրեր:

«Վաշինգտոն փոստ» ամերիկյան օրաթերթի կողմից անցկացվել է մոտ 600 մարդու կարծիքի հետազոտություն, որի արդյունքների համաձայն, պետական պարտքի վերին սահմանի բարձրացման շուրջ երկարատև պայքարը առաջացրել է ամերիկացիների հիասթափությունը երկրի ղեկավարությամբ: Հարցման մասնակիցների գրեթե երեք չորրորդն ասել է, թե քիչ են համոզված կամ համոզված չեն, որ Վաշինգտոնին կհաջողվի վերականգնել երկրի տնտեսությունը:

Հարցման մասնակիցների ընդամենը 17 տոկոսն է հայտնել, որ նախատեսում են վերընտրել Կոնգրեսում իրենց ընտրատարածքի ներկայացուցչին:

XS
SM
MD
LG