Մատչելի հղումներ

Աշխարհի շուկաներում շարունակվում է անկումը


Աշխարհի շուկաներում շարունակվում է անկումը

Միջազգային ֆինանսական շուկաները շարունակում են անկումը՝ արձագանքելով ԱՄՆ-ի պետական պարտքի վարկային վարկանիշի աննախադեպ իջեցման և Եվրոպայի պարտքային խնդիրներով և աշխարհի տնտեսության աճի վերաբերյալ մտահոգությունների մասին լուրերին:

Ասիական շուկաների բացման ժամանակ երեքշաբթի օրը նկատվել է անկում: Այսպես, Հոնկոնգի «Hang Seng» ինդեքսը վեց տոկոսի անկում է գրանցվել բացվելուց հետո, Ճապոնիայի «Nikkei» ինդեքսը գրանցել է գրեթե հինգ տոկոսի, իսկ Սեուլի «KOSPI» ինքեսը՝ ավելի քան վեց տոկոսի անկում:

Կորեայի ֆոնդային բորսայում արդեն երկրորդ օրն է, որ դադարեցվել են որոշ տեսակի գործարքները:

Երկու տոկոսի անկում է գրանցվել նաև Շանհայի բորսայի բացման ժամանակ:

ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայի գործունեության աշխուժությունը գրանցող «S&P 500» ինդեքսը երկուշաբթի օրը գրանցել է գրեթե յոթ տոկոսի անկում, իսկ Եվրոպայում հիմնական ինդեքսները նվազել են երեքից հինգ տոկոսով:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը համաձայն չէ «S&P» ընկերության կողմից ԱՄՆ-ի վարկային վարկանիշի իջեցման հանգամանքի հետ, սակայն հույս է հայտնել, որ ընկերության այս գնահատականը կստիպի Վաշինգտոնի օրենսդիրներին համաձայնության գալ պարտքի և բյուջեի պակասորդի հավասարակշռման շուրջ: Օբամայի համաձայն, բյուջեի հավասարակշռումը պետք է ներառի մեծահարուստների նկատմամբ կիրառվող հարկերի ավելացումը և սոցիալական ծրագրերին տրամադրվող գումարների կրճատումը: ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե «ֆինանսական շուկաները շարունակում են վստահել մեր «AAA» վարկային վարկանիշին»:

Այս ընթացքում ԱՄՆ-ի Սենատի բանկային հանձնաժողովի օգնականներից մեկի համաձայն, մասնագետների մի խումբ ուսումնասիրում է «S&P» ընկերության կողմից ԱՄՆ-ի վարկային վարկանիշի իջեցման հանգամանքը: Հանձնաժողովի օգնականն իր անվան գաղտնիության պայմանով հայտնել է, որ մասնագետների խումբը տեղեկություններ է հավաքում, սակայն որևէ լուր չի հաղորդել հետաքննություն պաշտոնապես հայտարարելու մասին:

ԱՄՆ-ի Սենատի բանկային հանձնաժողովի նախագահ Թիմ Ջոնսոնի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների վարկային վարկանիշի իջեցումը «անպատասխանատու քայլ է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները կիրակի օրը հայտնել է այն մասին, որ վարկային վարկանիշների որոշման ոլորտում գործող «Standard & Poors» գործակալությունը «անհեռատես» որոշում է ընդունել՝ անցյալ շաբաթ իջեցնելով ԱՄՆ-ի վարկային վարկանիշը:

Գայթները նշել է, որ «S&P» ընկերության կողմից ընդունված որոշումը վկայում է ընկերության մասնագետների կողմից դաշնային բյուջեի մշակման ընթացքում կիրառվող հաշվարկների վերաբերյալ «ցնցող անտեղյակության» մասին:

«S&P» ընկերության կողմից Միացյալ Նահանգների վարկային վարկանիշի իջեցումը վկայում է այն մասին, որ, ընկերության կարծիքով, պետության կառավարության կողմից թողարկված պարտատոմսերում ներդրողների կողմից կատարվող ներդրումներն ավելի ռիսկային են դարձել: «S&P» ընկերության գործադիր տնօրեն Ջոն Չեմբերսի համաձայն, մեկը երեքին հավանականություն կա, որ ԱՄՆ-ի վարկային վարկանիշը վեց ամիսը լրանալուն պես կրկին կիջեցվի:

Վարկային երկու այլ խոշորագույն գործակալությունները՝ «Moody's»-ն ու «Fitch»-ը դեռևս պահպանում են Միացյալ Նահանգների վարկային «AAA» վարկանիշը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG