Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման լավատես է պարտքի շուրջ «մեծ գործարքի» հարցում


Նախագահ Օբաման լավատես է պարտքի շուրջ «մեծ գործարքի» հարցում

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չի կորցնում հույսն իր երկրի կողմից փոխառությունների վերին սահմանը բարձրացնելու և երկրի պարտավորությունները նվազեցնելու նպատակով մշակված «մեծ գործարքի» շուրջ համաձայնության գալու հարցում։

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հանրապետականներն ու դեմոկրատները դեռ ունեն համաձայնության գալու ժամանակ։

Քարնին ասել է նաև, որ նախագահ Օբամայի համար ընդունելի կլինի պարտքի վերին սահմանը բարձրացնելուն ուղղված կարճաժամկետ լուծումն այն դեպքում, եթե վերջինս կազմի բյուջեի պակասորդի նվազեցման առավել համապարփակ ծրագրի մաս։

Նախագահ Օբաման նախկինում մերժել է պարտքի վերին սահմանը բարձրացնելուն ուղղված կարճաժամկետ լուծումների ընդունման առաջարկները։ Սպիտակ տան խոսնակը սակայն ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահը նախատեսում է բացառություն անել՝ լայնածավալ փոփոխությունների իրականացմանն ուղղված օրինագծի ընդունման համար բավարար ժամանակ տրամադրելու նպատակով։

Նախագահ Օբաման Սպիտակ տանը չորեքշաբթի օրը քննարկումներ է անցկացրել Կոնգրեսի առաջնորդների հետ՝ ԱՄՆ-ի սենատորներից կազմված «Վեցի խմբի» կողմից առաջարկված ծրագրի շուրջ։

Ծրագրով նախատեսված է ձեռնարկել բյուջեի ծախսային մասը 500 միլիարդ դոլարով նվազեցնելուն ուղղված անհապաղ միջոցներ, որոնք կազմելու են գալիք տասը տարվա ընթացքում բյուջեի ծախսերը մոտ չորս տրիլիոն դոլարով նվազեցնելուն ուղղված ավելի լայնածավալ միջոցների մասերից մեկը։ Այս միջոցներով նախատեսվում է արմատական փոփոխություններ իրականացնել սոցիալական ապահովության ծրագրերում և տասը տարվա ընթացքում մեկ տրիլիոն դոլարով ավելացնել հարկման միջոցով ստացվող եկամուտները։

Միացյալ Նահանգների օրենսդիրներին անհրաժեշտ է մինչև օգոստոսի 2-ը համաձայնության գալ 14,3 տրիլիոն դոլար կազմող պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու շուրջ, հակառակ դեպքում պետությունն իր պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն չի ունենալու կատարել պարտքային իր որոշ պարտավորություններ։ Այս հարցի վերաբերյալ համաձայնության գալու գործընթացը փակուղի է մտել՝ բյուջեի եկամուտները ապահովելու և ծախսերը նվազեցնելու նպատակով սոցիալական ծրագրերում կրճատումներ իրականացնելու շուրջ օրենսդիրների միջև առկա խիստ տարաձայնությունների պատճառով։

Նմանատիպ

XS
SM
MD
LG