Մատչելի հղումներ

Օբաման հորդորել է փոխզիջման գալ պարտքի սահմանի բարձրացման շուրջ փակուղի մտած բանակցություններում


Օբաման հորդորել է փոխզիջման գալ պարտքի սահմանի բարձրացման շուրջ փակուղի մտած բանակցություններում
Օբաման հորդորել է փոխզիջման գալ պարտքի սահմանի բարձրացման շուրջ փակուղի մտած բանակցություններում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել հեռուստատեսությամբ՝ հորդորելով ԱՄՆ-ի Կոնգրեսին լուծում գտնել պետական պարտքի վերին սահմանի և բյուջեի պակասորդի ճգնաժամի խնդիրներին:

Ավելի վաղ Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Հերի Ռիդն առաջարկել է պետական ծախսերը 2,7 տրիլիոն դոլարով կրճատելու ծրագիր, որտեղ նախատեսված չէ կրճատումներ կատարել Սոցիալական ապահովության և «Մեդիքեյր» պետական առողջապահական ապահովագրական ծրագրում, իսկ պետական պարտքի վերին սահմանն առաջարկվում է բարձրացնել մինչև հաջորդ տարի կայանալիք նախագահական և Կոնգրեսի ընտրությունները: Ծրագրում առաջարկվում է նաև, որ ծախսերի հետագա կրճատումները պետք է քննարկի երկու կուսակցություններից կազմված հանձնաժողովը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոների կողմից առաջարկված երկու փուլից բաղկացած ծրագրով նախատեսվում է 1,2 տրիլիոն դոլարով նվազեցնել պետական ծախսերը, պետական պարտքի վերին սահմանն անմիջապես բարձրացնել 1 տրիլիոն դոլարով՝ պայմանով, որ հաջորդ տարի պարտքի սահմանի բարձրացումը կապված կլինի որոշ նախապայմանների հետ: Բոներն իր ծրագրում առաջարկում է նաև ստեղծել երկու կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով և անցկացնել հավասարակշռված բյուջեի վերաբերյալ սահմանադրական փոփոխություն ընդունելու շուրջ քվեարկություն:

Նախագահ Օբաման ասել է, թե Բոների ծրագիրը «վտանգավոր խաղ է», որի արդյունքում նույն քննարկումները կարող են կրկնվել վեց ամիս անց:

«Այսպես չեն կառավարում աշխարհում ամենահզոր պետությունը: Սա վտանգավոր խաղ է, որ առաջ երբեք չենք խաղացել և որը չենք կարող մեզ թույլ տալ խաղալ հիմա, երբ վտանգի են ենթարկվում մարդկանց աշխատատեղերը և իրենց ընտանիքների ապրուստի միջոցները: Չենք կարող թույլ տալ, որպեսզի Ամերիկայի ժողովուրդը Վաշինգտոնում վարվող քաղաքական պատերազմին անուղղակի զոհ գնա», - ասել է նախագահ Օբաման:

Ավելի վաղ կոնգրեսական Ռիդն ասել է, որ հանրապետականները վճռորոշ են խոչընդոտներ ստեղծել նախագահի համար պետական պարտքի վերին սահմանի շուրջ բանակցություններում և այս խնդրի շուրջ բանակցությունները փակուղի մտցնելու հարցում: Նրա և դեմոկրատ Չարլզ Շումերի համաձայն, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոների գործողություններն ուղղվում են պահպանողական և ազատական «Թեյախմության շարժման» հետ սերտ կապեր ունեցող օրենսդիրների կողմից:

Սենատոր Ռիդի համաձայն, «պետք չէ թույլ տալ նման ծայրահեղականներին թելադրել այս քննարկման արդյունքը կամ ուղղությունը, որով պետք է շարժվի այս երկիրը»:

Սենատոր Շումերի համաձայն, «Ներկայացուցիչների պալատում կա 100 մարդ, որոնց համար միևնույն է՝ կկարողանա արդյոք Միացյալ Նահանգները կատարել իր պարտքային պարտավորությունները, որոնք ծայրահեղական են և իրականությունից հեռու, և որոնց կողմից գործադրվող ճնշմանը Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդությունը չի կարողացել պատասխանատու կերպով դիմադրություն ցուցաբերել»:

Նախագահ Օբամայի հեռուստաելույթից հետո ելույթ ունեցած Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոները նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը «մեծ ծախսեր պահանջող խնջույքի մեջ է», որից հետո պահանջում է պետական պարտքի պատմական ծավալների հասնող ավելացում:

«Տխուր իրականությունն այն է», - ասել է Բոները, - «որ նախագահը պահանջել էր իրեն «քարտ բլանշ» տալ վեց ամիս առաջ, և նույնը նա պահանջում է հիմա: Սակայն դա տեղի չի ունենա», - ասել է Բոները:

Բոների կարծիքով, երկուշաբթի օրը ներկայացրած իր ծրագիրը հավանության է արժանանալու Ներկայացուցիչների պալատում և կանխատեսում է, որ այն հավանության կարժանացնի նաև դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը, և եթե ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից իր առաջարկության հիման վրա ընդունված օրինագիծը ստորագրվի և օրենքի ուժ ստանա, ապա ճգնաժամային մթնոլորտը, որը, Բոների համաձայն, ստեղծել է նախագահը, կանհետանա:

ԱՄՆ-ի և համաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են, թե ինչպիսի համաձայնության կգան ԱՄՆ-ի Սպիտակ տունն ու Կոնգրեսը՝ Միացյալ Նահանգների պարտքային սահմանի ճգնաժամի հարցում: Չնայած ֆինանսական շուկաները դեռևս մեծ վնասներ չեն կրել, տնտեսագետները զգուշացնում են, որ Միացյալ Նահանգների կողմից պարտքային պարտավորությունները չկատարելու դեպքում փոխառությունների տոկոսադրույքի բարձրացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG