Մատչելի հղումներ

Վաշինգտոնում շարունակվել են ԱՄՆ-ի պարտքի չվճարումը կանխելու շուրջ բանակցությունները


Վաշինգտոնում շարունակվել են ԱՄՆ-ի պարտքի չվճարումը կանխելու շուրջ բանակցությունները

Վաշինգտոնում շարունակվում են Միացյալ Նահանգների պարտքային պարտավորությունները նվազեցնելուն և 14,3 տրիլիոն դոլար կազմող պարտքի վերին սահմանը բարձրացնելուն ուղղված ինտենսիվ բանակցությունները:

Նախագահ Օբաման հինգշաբթի ուշ երեկոյան շարունակել է քննարկումները ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատական կուսակցության առաջնորդների՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներ Նենսի Փելոսիի և Ստենի Հոյերի, ինչպես նաև սենատորներ Հերի Ռիդի և Դիք Դուրբինի հետ:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հինգշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հիմնականում անդրադարձել է նախագահ Օբամայի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջո Բոների միջև համաձայնության գալու մասին հաղորդագրությունները հերքելուն:

«Որևէ համաձայնություն ձեռք չի բերվել», - ասել է Քարնին. «Համաձայնության հասնելուն նույնիսկ մոտ չենք: Նախագահը, Կոնգրեսի բոլոր առաջնորդների, ինչպես նաև այլ կոնգրեսականների հետ իր քննարկումներում փորձում է ձեռք բերել հնարավորինս մեծ գործարքի մասին պայմանավորվածություն»:

Ավելի վաղ «Նյու Յորք Թայմս» ամերիկյան թերթը հաղորդել է նախագահ Օբամայի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջո Բոների միջև համաձայնության գալու մասին:

Սպիտակ տան խոսնակը, թեև չտրամադրելով առաջընթացի մասին որևէ լուր, շեշտել է սակայն, թե «չի կասկածում», որ Կոնգրեսը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ՝ երկրի պարտքային պարտավորությունների վերին սահմանը բարձրացնելու նպատակով: Նա կրկնել է, որ նախագահ Օբաման սատարելու է կարճաժամկետ լուծումն այն դեպքում, եթե նման լուծումը նպաստելու է ավելի մեծածավալ համաձայնության ձեռքբերման:

Կապիտոլիումում երկու կուսակցությունների օրենսդիրները շարունակել են ուսումնասիրել հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորներից կազմված «Վեցի խմբի» ներկայացված ծրագիրը, որով նախատեսվում է տասը տարվա ընթացքում Միացյալ Նահանգների բյուջեի պակասորդը նվազեցնել 3,7 տրիլիոն դոլարով և արմատական փոփոխություններ իրականացնել երկրի հարկային համակարգում: Սակայն մինչև օգոստոսի 2-ն արդեն հնարավոր չի լինի այս ծրագրի հիման վրա օրինագիծ մշակել և ներկայացնել Սենատի համապատասխան մարմինների քննարկման:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոներն ասել է, թե զգուշացրել է պալատի հանրապետականներին այն մասին, որ ցանկացած համաձայնության գալու համար անհրաժեշտ կլինի փոխզիջում կատարել, սակայն Կոնգրեսը պետք է պարտքի սահմանը բարձրացնելու մասին որոշում ընդունի մինչև օգոստոսի 2-ը: Նա ասել է, թե «Կոնգրեսի և նախագահի կողմից անպատասխանատու կլինի չքննարկել այս խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ»:

Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին հրաժարվել է նախագահ Օբամայի հետ ունեցած իր քննարկումների մանրամասները տրամադրելուց և ասել, որ օրենսդիրները թույլ չեն տալու պարտքային պարտավորությունների չկատարումը, սակայն ցանկացած համաձայնություն պետք է նպաստավոր լինի երկրի տնտեսության համար:

Նախագահ Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հանդիպում են անցկացրել նաև ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթների հետ, որը նախկինում զգուշացրել է պարտքային պարտավորությունները չկատարելու ծանր հետևանքների մասին:

Նմանատիպ

XS
SM
MD
LG