Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի կենտրոնական բանկի նախագահ. «Բյուջեի պակասորդն անընդունելի է»


ԱՄՆ–ի կենտրոնական բանկի նախագահ. «Բյուջեի պակասորդն անընդունելի է»

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ պետական բյուջեի ամենամյա հսկայական պակասորդն «անընդունելի» է և երկրում «լուրջ տնտեսական հետևանքների» կհանգեցնի։

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանկեն, հինգշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովներից մեկում, նշել է, որ օրենսդիրների համար «գերակա առաջնահերթություն» է՝ ապահովել, որ ԱՄՆ-ի պարտքը (որն այժմ կազմում է 15 տրիլիոն դոլար և օրեցօր աճում է) առնվազն կայուն լինի ազգային եկամուտի համեմատությամբ, և ցանկալի է, որ այն նվազի։ ԱՄՆ-ի պարտքի ծավալն այժմ գրեթե հավասարվել է երկրի տարեկան համախառն արդյունքին:

Բերնանկեն նշել է, որ պետության աճող պարտքը ժամանակի ընթացքում կխոչընդոտի աշխարհի խոշորագույն տնտեսության աճին։

ԱՄՆ-ը ներկայումս շատ չնչին տոկոսագումար է վճարում՝ կառավարության գործունեությունն ապահովելու համար վերցված վարկերի դիմաց։ Իրավիճակը չփոխվեց անգամ այն բանից հետո, երբ «Standard & Poor’s» միջազգային վարկանշային գործակալությունը 2011 թվականին ԱՄՆ-ի վարկային վարկանիշը բարձրագույն «ААА» սանդղակից իջեցրեց մեկ աստիճանով։ Սակայն Բերնանկեն զգուշացրել է, որ տոկոսադրույքները կարող են «կտրուկ բարձրանալ», եթե ներդրողները կորցնեն վստահությունը կառավարության կողմից երկրի ֆինանսական քաղաքականությունը ճիշտ վարելու ունակության նկատմամբ։ Դրա արդյունքում էապես կբարձրանան կառավարության կողմից վերցվող վարկերի տոկոսադրույքները։

ԱՄՆ-ի կառավարությունն այս շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ իր կանխատեսմամբ սեպտեմբեր ամսին ավարտվող ֆինանսական տարվա բյուջեի պակասորդը կկազմի 1,1 տրիլիոն դոլար, ինչը պակաս է 2011 թվականի նույն ցուցանիշից։ Այդուհանդերձ, արդեն չորրորդ տարին անընդմեջ պետբյուջեի պակասորդը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ-ի Կոնգրեսն անցյալ տարի ձեռնամուխ են եղել բյուջեի պակասորդի կրճատման միջոցառումների ծրագրին, սակայն տնտեսումների մեծ մասը դեռևս կյանքի չի կոչվել։

XS
SM
MD
LG