Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հաղորդել է պարտքի վերին սահմանը բարձրացնելու շուրջ համաձայնության մասին


Նախագահ Օբաման հաղորդել է պարտքի վերին սահմանը բարձրացնելու շուրջ համաձայնության մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առաջնորդների միջև ձեռք է բերվել 14,3 տրիլիոն դոլար կազմող արտաքին պարտքի վերին սահմանը բարձրացնելու և պարտքային վճարումներով դեֆլոտից խուսափելու շուրջ համաձայնություն:

Այս հայտարարությամբ նախագահ Օբաման հանդես է եկել կիրակի ուշ երեկոյան: Նախագահի համաձայն, գործարքը ներառում է բյուջեի ծախսային մասում տասը տարվա ընթացքում մեկ տրիլիոն դոլարի հասնող կրճատումներ, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում ապագայում կատարվող կրճատումները վերահսկող հանձնաժողովի ստեղծում, որի կազմում ներառված կլինեն երկու կուսակցությունների ներկայացուցիչներ:

Նախագահ Օբաման ասել է, որ բոլոր մանրամասները ներկայացվելու են ապագա կրճատումների շուրջ բանակցությունների ընթացքում: Նա անվանել է այս համաձայնությունը փոխզիջում, որը թույլ կտա երկրին խուսափել պարտքային պարտավորությունների չվճարումից՝ միաժամանակ թույլ տալով կատարել դեֆիցիտի լուրջ նվազեցում:

Սպասվում է, որ այս համաձայնության շուրջ քվեարկությունները Սենատում և Ներկայացուցիչների պալատում կայանալու են երկուշաբթի օրը:

ԱՄՆ-ի և օտարերկրյա շուկաներն անհանգստությամբ հետևում են Վաշինգտոնում տեղի ունեցող զարգացումներին: Համաձայնության չգալու դեպքում կարող է հուժկու հարված հասցվել համաշխարհային տնտեսությանը, որը նոր է սկսել վերականգնվել վերջին ճգնաժամից:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների արժեթղթերի շուկան մեկ տարվա ընթացքում ամենամեծ վնասներն է կրել, իսկ դոլարի արժեքը կտրուկ նվազել է:

Միացյալ Նահանգներում բոլոր կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է կրճատել ծախսերը և բարձրացնել պետական պարտքի վերին սահմանը: Կողմերի միջև շաբաթներ տևող վեճի առարկան են դարձել մանրամասները՝ ինչն է անհրաժեշտ կրճատել, և որքան արագ:

XS
SM
MD
LG