«Քադաֆին, հրաժարական ներկայացնելու դեպքում, կարող է մնալ Լիբիայում»

Լիբիայի ապստամբների առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլ

Լիբիայի ապստամբների առաջնորդն ասել է, որ ընդդիմադիր շարժումը դեմ չէ, որ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին մնա Լիբիայում՝ հրաժարական ներկայացնելու դեպքում:

Մուսթաֆա Աբդել Ջալիլը, Բենգազի քաղաքում կիրակի օրը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ ապստամբները ՄԱԿ-ի միջոցով նման առաջարկ ներկայացրել են Քադաֆիին մոտ մեկ ամիս առաջ, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել։

Ջալիլի համաձայն, Քադաֆիի կողմից հրաժարական ներկայացնելու և իրեն հավատարիմ ուժերին նահանջելու հրաման արձակելու դեպքում, նա կարող է որոշում կայացնել Լիբիայում մնալու կամ արտասահման տեղափոխվելու մասին։ Ապստամբների առաջնորդի համաձայն, այն դեպքում, եթե Քադաֆին համաձայնի մնալ երկրում, ապստամբները պետք է իմանան նրա գտնվելու վայրի մասին` նրա տեղաշարժի նկատմամբ միջազգային հանրության կողմից վերահսկողություն հաստատելու նպատակով։

Քադաֆին նախկինում խոստացել էր մինչև իր մահը պայքարել ընդդիմադիր ուժերի դեմ, որոնք ապստամբություն են բարձրացրել երկրում նրա 42-ամյա պաշտոնավարման դեմ։