Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օրենսդիրները Լիբիայում մարտական գործողությունները համարում են անօրինական


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոներ

ԱՄՆ-ի երկու կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած տասը օրենսդիրների մի խումբ չորեքշաբթի օրը դատական հայց է ներկայացրել՝ առանց ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնական հաստատման Լիբիայում ռազմական գործողությունների իրականացման մասին նախագահ Բարաք Օբամայի որոշման դեմ։

Դատական հայց ներկայացրած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամների թվում են Օհայո նահանգը ներկայացնող դեմոկրատ Դենիս Քուչինիչն ու նախագահի թեկնածությանը հավակնող հանրապետական Ռոն Փոլը` Տեխաս նահանգից։

Քուչինիչին, ում կարծիքով ԱՄՆ-ի օրենքը խախտվել է, ասել է, թե հույս ունի, որ դատարանը կընդունի այնպիսի որոշում, որը «ամերիկացիներին կպաշտպանի անօրինական քաղաքականությունից»։

Լիբիայում ռազմական գործողությունների դիմելու օրինականության հարցը երեքշաբթի օրը բարձրացրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոները՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանն ուղղված իր նամակում, որտեղ խիստ քննադատության է ենթարկել նախագահ Օբամային՝ Լիբիայում ռազմական գործողությունների մասին հրամանն առանց Կոնգրեսի հաստատման արձակելու պատճառով։

Օբամայի վարչակազմի պաշտոնատար անձինք հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի շուտով հրապարակվելու է նախկինում որպես հրատապ հայտարարված ռազմական գործողությունների դիմելու մանրամասն բացատրությունն ու հիմնավորումը։

Սպիտակ տան պաշտոնատար անձինք հայտնել են, որ պատրաստվում են բացատրություն ներկայացնել Լիբիայի ապստամբներին աջակցություն ցուցաբերելու ՆԱՏՕ-ի առաքելությունում ԱՄՆ-ի դերին առնչվող «բազմաթիվ հարցերի վերաբերյալ» և խոստացել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացվելիք իրենց հաշվետվությունում ներառված կլինի իրավական վերլուծություն, որը կհիմնավորի նախագահի գործողությունների համապատասխանությունը նման դեպքերում ԱՄՆ-ի նախագահի լիազորությունների մասին օրենքին։

1973 թվականին ընդունված ԱՄՆ-ի «Ռազմական լիազորությունների մասին» օրենքի պահանջների համաձայն, Միացյալ Նահանգների կողմից իրականացվելիք որևէ ռազմական գործողության մասին Կոնգրեսի առաջնորդները պետք է տեղեկացվեն նման գործողության մեկնարկից առնվազն 48 ժամ առաջ։ Բացի այդ, ԱՄՆ-ի ուժերին արգելվում է, առանց Կոնգրեսի հավանության ռազմական գործողություններ իրականացվելու դեպքում այդ գործողությունները շարունակել 60 օրից ավելի, եթե չկա 30 օրվա ընթացքում զորքերը հետքաշելու մասին որոշում:

Նմանատիպ

XS
SM
MD
LG