Մատչելի հղումներ

Զոհեր Սիրիայում` հակակառավարական ցուցարարների շարքում


Զոհեր Սիրիայում` հակակառավարական ցուցարարների շարքում

Սիրիայում անվտանգության ուժերի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ:

Ակտիվիստների համաձայն, զոհերի պատճառ դարձած բռնություններն իրականացվել են երկրի անվտանգության ուժերի կողմից Դամասկոսի մոտակայքում գտնվող բնակավայրերում:

Հակակառավարական ցույցեր են անցկացվել նաև երկրի այլ քաղաքներում` Դերաայում, Դեյր էլ-Զորում և Քամիշլիում:

Ականատեսների և ակտիվիստների համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ:

Սիրիայի զինուժն ուրբաթ օրը վերսկսել է Համա քաղաքի հրեատանակոծությունը: Այս քաղաքը կիրակի օրվանից գտնվում է ցուցարարների դեմ իրականացվող մարտական գործողությունների կիզակետում:

Նախագահ ալ-Ասադի կողմից ցուցարարների դեմ իրականացվող բռնությունների պատճառով ուժեղանում է իր վրա գործադրվող միջազգային ճնշումը:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Վաշինգտոնի տվյալներով, այդ երկրում արդեն մի քանի ամիս շարունակվող բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան երկու հազար մարդ:

ԱՄՆ-ի արտգործնախարարը կոչ է արել միջազգային հանրությանը դիմել բռնությունները կանխելուն ուղղված «առավել արդյունավետ միջոցների»:

Հիշեցնենք, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի կառավարության կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի գործադրման, ինչպես նաև երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից այլախոհների նկատմամբ բռնությունների գործադրման և մարդու իրավունքների խախտման ուղղված քաղաքականությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Սիրիայում գնալով սաստկացող բռնությունների վերաբերյալ երեք ամիս շարունակ լռություն պահպանելուց հետո, օգոստոսի 3-ին հրապարակել է Խորհրդի նախագահի հայտարարությունը, որը հավանության արժանացնելու համար պահանջվում է Խորհրդի բոլոր 15 անդամ պետությունների համաձայնությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից ընդունված հայտարարությունը սակայն չի համարվում այնքան մեծ ուժ ունեցող, որքան Անվտանգության խորհրդի ամբողջական կազմով ընդունված բանաձևը:

Սիրիայի հարևան և դաշնակից Լիբանանը չի խոչընդոտել Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության ընդունումը, սակայն հայտնել է հայտարարության տեքստի հետ առնչություն չունենալու մասին:

Նմանատիպ

XS
SM
MD
LG