Մատչելի հղումներ

Սիրիայի իշխանությունները սահմանափակել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների տեղաշարժը


Սիրիայի իշխանությունները սահմանափակել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների տեղաշարժը

Սիրիայի իշխանությունները կարգադրել են երկրում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպաններին, խռովությունների կիզակետ դարձած Համա քաղաքն իրենց կողմից այցելելուց հետո, առանց թույլտվություն ստանալու չլքել երկրի մայրաքաղաք Դամասկոսը։

Արտաքին գործերի նախարար Վալիդ Մոալեմը չորեքշաբթի օրը հանդես է եկել Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Ֆորդի և Ֆրանսիայի իր պաշտոնակից Էրիկ Շևալյեի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին հայտարարությամբ՝ հավելելով, որ իրենց կողմից այս կարգադրությունը խախտելու դեպքում Սիրիայի իշխանությունները թույլ չեն տա որևէ դիվանագետի ճանապարհորդել Դամասկոսից 25 կիլոմետրը գերազանցող հեռավորության վրա։

Մոալեմն ասել է, որ Սիրիայի իշխանությունները չեն վտարել դեսպաններին այն պատճառով, որ ապագայում ցանկանում են բարելավել իրենց հարաբերությունները Միացյալ Նահանգների և ֆրանսիայի հետ։

Ֆորդն ու Շեվալյեն նախկինում հայտնել են, որ Համա քաղաք կատարած իրենց այցելության ընթացքում իրենց համերաշխությունն են հայտնել այս քաղաքի բնակչության հետ, որը ենթարկվում է բռնությունների կառավարական ուժերի կողմից։

Այս ընթացքում ակտիվիստները հայտնել են, որ չորեքշաբթի օրը երկրում շարունակվել են բռնությունները, այդ թվում՝ Դամասկոսի արվարձաններում։

Բացի այդ, «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է Սիրիայի իշխանությունների կողմից անցյալ շաբաթ և կիրակի օրերին իրականացված զանգվածային ձերբակալությունների արդյունքում ազատազրկման մեջ հայտնված անձանց նկատմամբ խոշտանգումներ կիրառելու մտահոգությունների մասին։

Կազմակերպության համաձայն, Քաթանա քաղաքի արվարձաններում կամայական կերպով ձերբակալվածները գտնվում են առանց հաղորդակցման իրավունքի ազատազրկման մեջ։

Կազմակերպությունը պահանջում է Սիրիայի իշխանություններից բացահայտել ձերբակալվածների գտնվելու վայրը և երաշխավորել նրանց պաշտպանությունը խոշտանգումներից և վատ վերաբերմունքի այլ ձևերից։

Նմանատիպ

XS
SM
MD
LG