Մատչելի հղումներ

Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանատունը գրոհել է կառավարության կողմնակիցների ամբոխը


Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանատունը գրոհել է կառավարության կողմնակիցների ամբոխը
Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանատունը գրոհել է կառավարության կողմնակիցների ամբոխը

Սիրիայում երկրի ղեկավար Բաշար ալ-Ասադի կողմնակիցների ամբոխը գրոհել է այս երկրում ԱՄՆ-ի դեսպանատունը` վնասվածքներ պատճառելով դեսպանատան շենքերի համալիրին:

Այս հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, երկրի ակտիվիստները և բնակիչները հայտնել են զրահատեխնիկայի աջակցությամբ Սիրիայի զինծառայողների կողմից Հոմս քաղաքի ուղղությամբ իրականացվող գրոհի մասին, որի ընթացքում զինծառայողները գնացրային կրակ են բացել: Հարձակման պատճառով զոհվել է առնվազն մեկ, վնասվածքներ ստացել` 20 մարդ:

Երկրի զինուժի այս գործողություններն իրականացվում են այն ժամանակ, երբ Սիրիայում արդեն երկրորդ օրն է շարունակվում քաղաքական բարեփոխումների շուրջ համազգային քննարկումը:

Ընդդիմության որոշ ակտիվիստներ և մտավորականներ միացել են կիրակի օրը Դամասկոսում մեկնարկած այս բանակցություններին:

Սիրիայի ամենաճանաչված այլախոհները և ընդդիմադիր հիմնական կազմակերպությունները սակայն բոյկոտել են համաժողովը՝ բողոքելով ապստամբություն բարձրացրած ընդդիմության դեմ իրականացվող բռնությունների դեմ։

Հանդիպման ընթացքում մի շարք ելույթ ունեցողներ քննադատել են անվտանգության ուժերի կողմից ցուցարարների դեմ իրականացված բռնությունները, սակայն ելույթ ունեցող այլ անձինք իրենց համաձայնությունն են հայտնել նախագահ Ասադի այն կարծիքի հետ, որի համաձայն օտարերկրյա գործակալները փորձում են ապակայունացնել իրավիճակը Սիրիայում։

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, Սիրիայի անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 1600 քաղաքացիական անձ:

Միացյալ Նահանգները կիրակի օրը մեղադրել է Սիրիային Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում երկօրյա բողոքի բուռն ցույցեր կազմակերպելու մեջ, որի մասնակիցներն իրենց զայրույթն են արտահայտել դեսպան Ռոբերտ Ֆորդի կողմից հակակառավարական ցույցերի կիզակետ՝ պաշարված Համա քաղաք այցելություն կատարելու հանգամանքով։

Ֆրանսիան նման բողոք է ներկայացրել կիրակի օրը՝ Սիրիայի կառավարության կողմնակիցների ամբոխի կողմից այդ երկրի առաքելությանը վնաս հասցնելուց հետո։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, ցուցարարները պահանջել են դեսպան Ֆորդից լքել Սիրիան և դեսպանատան ուղղությամբ նետել շշեր և քարեր։ Պաշտոնատար անձի համաձայն, դեսպան Ֆորդը Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ նախապես նշանակված հանդիպման ընթացքում հաղորդել է այս իրադարձություններով Վաշինգտոնի վրդովմունքի մասին։

Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի դեսպանին իրենց բողոքն են հայտնել նման իրադարձությունների արդյունքում Դամասկոսում՝ երկրի դեսպանատանը և երկրի երկրորդ քաղաք Հալեպում հյուպատոսությանը հասցված վնասի հանգամանքով։

Ֆորդը և Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեվալյեն հինգշաբթի և ուրբաթ օրերին այցելել են Համաս՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ամենամեծածավալ բողոքի ցույցեր կազմակերպած այս քաղաքի ժողովրդի հետ իրենց համերաշխությունն հայտնելու նպատակով։

Նմանատիպ

XS
SM
MD
LG