Մատչելի հղումներ

Սիրիան խիստ քննադատության է ենթարկել Քլինթընի մեկնաբանությունները


Սիրիան խիստ քննադատության է ենթարկել Քլինթընի մեկնաբանությունները

Սիրիայի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի մեկնաբանություններն այն մասին, որ նախագահ Բաշար ալ-Ասադը «կորցրել է իր լեգիտիմությունը»:

Սիրիայի պետական «SANA» գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ այս երկրի կառավարությունը «խիստ քննադատության է արժանացրել» Քլինթընի մեկնաբանությունները: Լրատվական այս գործակալությունը մեջ է բերում երկրի պաշտոնատար անձանցից մեկի խոսքը, որի համաձայն ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները «Սիրիայի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության ևս մեկ ապացույց են»:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Քլինթընը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիայի նախագահը «անփոխարինել չէ», և որ Միացյալ Նահանգները «որևէ կերպ չի աջակցելու իր կողմից իշխանության ղեկին մնալուն փորձերին»:

Քլինթընի մեկնաբանությունները Վաշինգտոնի կողմից մարտ ամսին հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունների սկզբից նախագահ Ասադի մինչ օրս ամենախիստ քննադատությունն է:

Ֆրանսիան երեքշաբթի օրը նույնպես ավելի խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի իշխանություններին` հորդորելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համապատասխան գործողություններ ձեռնարկել:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի համաձայն, այս երկրում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լռությունն «անհիմն» է` հավելելով, որ նախագահ Ասադին օրեցօր ավելի դժվար է դառնում պահպանել իր իշխանությունը:

Սիրիայի կառավարության կողմնակիցների ամբոխը երկուշաբթի օրը հարձակում են կատարել Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպանատան շենքերի համալիրի և ցույցեր անցկացրել Ֆրանսիայի դեսպանատան առջև:

Այս իրադարձությունները տեղի են ունեցել ԱՄՆ- դեսպան Ռոբերտ Ֆորդի և Ֆրանսիայի իր պաշտոնակից Էրիկ Շեվալյեի կողմից անցյալ շաբաթ հակակառավարական ցույցերի կիզակետ` պաշարված Համա քաղաք կատարված այցելությունից հետո, որի ընթացքում նրանք իրենց միասնության մասին են հայտնել Սիրիայի զինուժի կողմից բռնությունների ենթարկվող բնակիչների հետ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG