Մատչելի հղումներ

Սիրիայի անվտանգության ուժերը գրոհել են ևս մեկ քաղաք


Սիրիայի անվտանգության ուժերը գրոհել են ևս մեկ քաղաք

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, Սիրիայի անվտանգության ուժերը գրոհել են երկրի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկը:

Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, չորեքշաբթի օրը տանկերով և ավտոբուսներով Սարաքեբ քաղաք են տեղափոխվել զինուժի ստորաբաժանումներ, ինչից հետո քաղաքում և դրա շրջակայքում կրակոցներ են սկսվել:

Անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է առնվազն հինգ մարդ:

Սիրիայում խռովություների կիզակետային Հոմսք քաղաքում չորեքշաբթի օրը երկրի անվտանգության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների պատճառով զոհվել է 11 մարդ:

Միացյալ Նահանգների իշխանությունները չորեքշաբթի օրը հայտնել Սիրիայի դեմ ուղղված նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնցով նախատեսվում է սառեցնել սիրիական բանկերից մեկի և բջջային հեռախոսակապի օպերատորի ֆինանսական միջոցները: ԱՄՆ-ի Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիան «ավելի լավ վիճակում կլինի» առանց նախագահ Բաշար ալ-Ասադի:

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիան «կոպիտ և անհիմն հարձակում է իրականացնում իր սեփական ժողովրդի ուղղությամբ», սակայն Սիրիայի իշխանությունները հերքել են Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի այս մեկնաբանությունը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իրեն հավատարիմ ուժերը չեն դադարեցնելու «ահաբեկիչների զինված խմբավորումների» հետապնդումը:

Դավութօղլուն հանդիպման ընթացքում դիմել էր Սիրիայի նախագահին այս երկրում իրականացվող բռնություններին վերջ տալու կոչով: Նա ասել էր նաև, որ Թուրքիան խոստացել է չխզել կապը Սիրիայի կառավարության հետ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախկինում էլ էր հանդես եկել հայտարարությամբ` պաշտպանելով երկրում իրականացված բռնի գործողությունները և ասելով, թե «պետական պարտք է համարում ճանապարհները փակող և բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հանցագործների դեմ ուղղված պայքարը»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG