Մատչելի հղումներ

Սիրիայի անվտանգության ուժերը նոր ձերբակալություններ են իրականացրել


Սիրիայի անվտանգության ուժերը նոր ձերբակալություններ են իրականացրել

Սիրիայի անվտանգության ուժերը երկրի բազմաթիվ քաղաքներում և գյուղերում իրականացներ են շուրջկալներ, որոնք ընթացքում ձերբակալվել են երկրի կառավարության ընդդիմության հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք:

Այս գործողությունները երկրի անվտանգության ուժերն իրականացրել են նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից այլախոհների դեմ իրականացվող բռնությունների շրջանակներում:

Իրավապաշտպան կազմակերպությունները չորեքշաբթի օրը հայտնել են, որ երեքշաբթի լույս չորեքշաբթի սկսված շուրջկալների ընթացքում կիրառվել են տանկեր:

Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչներից մեկը չորեքշաբթի օրը հայտնել է, որ գալիք կիրակի օրն այս կազմակերպությունը Սիրիայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, Սիրիայում արդեն հինգ ամիս շարունակվող բռնությունների ընթացքում զոհվել է առնվազն 2 200 մարդ: Սիրիայի նախագահը սակայն բռնությունների համար մեղադրել է զինված «հանցախմբերին և ահաբեկիչներին»:

Սիրիայի «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը ցուցադրել է Հոմս քաղաքում «ահաբեկիչների զինված խմբերի» զոհերի լուսանկարներ: Լրատվական գործակալության համաձայն, հարձակումն իրականացրած անձանց կողմից խոշտանգումների է ենթարկվել և սպանվել 14 քաղաքացիական անձ:

Արևմտյան պետությունները երեքշաբթի օրը ՄԱԿ-ում շրջանառության մեջ են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ասադի, իր ընտանիքի ազդեցիկ անդամների և հիմնական դաշնակիցների նկատմամբ:

Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների ներկայացուցչությունները ցանկանում են հնարավորինս արագ քվեարկությանը ներկայացնել այս բանաձևը, սակայն բանաձևին ընդդիմություն է արտահայտում Ռուսաստանը, որն ունի վետո դնելու իրավունք:

Մոսկվայի համաձայն, Դամասկոսի դեմ ներկայումս պատժամիջոցների կիրառումը «ճիշտ մոտեցում չէ»:

Սիրիայի նախագահ Ասադի դեմ հանդես եկող ուժերը երեքշաբթի օրը Թուրքիայում կայացած հանդիպման ընթացքում որոշում են ընդունել «ազգային խորհուրդ» ստեղծելու մասին` Ասադի պաշտոնաթողության ուղղությամբ գործադրվող ջանքերը համակարգելու նպատակով:

XS
SM
MD
LG