Մատչելի հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ


Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իրեն հավատարիմ ուժերը չեն դադարեցնելու «ահաբեկիչների զինված խմբավորումների» հետապնդումը:

Դավութօղլուի համաձայն, հանդիպման ընթացքում ինքը դիմել է Սիրիայի նախագահին այս երկրում իրականացվող բռնություններին վերջ տալու կոչով: Նա ասել է նաև, որ Թուրքիան խոստացել է չխզել կապը Սիրիայի կառավարության հետ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախկինում էլ էր հանդես եկել հայտարարությամբ՝ պաշտպանելով երկրում իրականացված բռնի գործողությունները և ասելով, թե «պետական պարտք է համարում ճանապարհները փակող և բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հանցագործների դեմ ուղղված պայքարը»:

Այս ընթացքում Սիրիայի իրավապաշտպաններն ու ակտիվիստները հայտնել են, որ երկրի անվտանգության ուժերի կողմից իրականացվող գործողությունների պատճառով զոհվել է առնվազն 30 մարդ: Նրանց համաձայն, երեքշաբթի օրը Սիրիայի զինված ուժերը տանկերի աջակցությամբ կրկին գործողություններ են իրականացրել Համա քաղաքի շրջակայքում, ինչպես նաև Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող գյուղերում:

Ակտիվիստների համաձայն, վերջին օրերին Սիրիայի անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունների պատճառով զոհվել է մի քանի հարյուր մարդ:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիայի նախագահը «գործողությունների զարհուրելի ընտրություն է կատարել Համա և Դեյր էլ-Զոր քաղաքներում»: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, «թվում է, թե Ասադը, ցավոք, չի ցանկանում լսել միջազգային հանրության հետզհետե ավելի բարձր հնչող ձայնը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի իր պաշտոնակցի հետ, որի ընթացքում հորդորել է գտնել բռնությունները վերջ տալու միջոցներ և կյանքի կոչել քաղաքական բարեփոխումները:

Նմանատիպ

XS
SM
MD
LG