Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն ու Եվրոպան դիմել են Ասադի հրաժարականը պահանջող կոչով


Միացյալ Նահանգներն ու Եվրոպան դիմել են Ասադի հրաժարականը պահանջող կոչով

Միացյալ Նահանգները և Եվրոպայի իր հիմնական դաշնակիցները դիմել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրաժարական ներկայացնելու կոչով՝ վերջինիս կողմից արդեն հինգ ամսվա ընթացքում երկրում իրականացվող բռնությունները դադարեցնելու մասին կոչերն անտեսելուց հետո:

Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում վարչակազմը փոխելու մասին կոչերի հետ մեկտեղ Դամասկոսի նկատմամբ սահմանվել են խիստ պատժամիջոցներ՝ ներառյալ Սիրիայում հանքահանված նավթի ներմուծման արգելքը:

Ասադի դեմ ուղղված դիվանագիտական քայլերը մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը գրավոր իր հայտարարությամբ քննադատել է Սիրիայի ղեկավարին ժողովրդավարություն պահանջող ցուցարարների նկատմամբ «սարսափելի բռնություններ» գործադրելու համար, որոնց թվում է Համա և Դեյր ալ-Զոր քաղաքների վրա կատարված «ամոթալի հարձակումները»:

Նախագահ Օբամայի համաձայն, երկխոսության անցկացման և բարեփոխումների իրականացման մասին Ասադին ուղղված կոչերն իզուր են եղել, քանի որ նա շարունակել է իր սեփական ժողովրդի նկատմամբ բանտարկությունների, խոշտանգումների և սպանությունների իրականացումը: Օբամայի համաձայն, հանուն Սիրիայի ժողովրդի՝ «եկել է Ասադի հեռանալու ժամանակը»:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը հաստատել է երկրի նախագահի կողմից արված կոչը՝ ասելով, որ «Սիրիայի ժողովուրդը արժանի է այնպիսի կառավարության, որը հարգում է իր արժանապատվությունը, պաշտպանում է իրավունքները և կյանքի կոչում իր իղձերը: Ասադը կանգնած է իր ճանապարհին», - ասել է Քլինթընը՝ հավելելով. «Հանուն Սիրիայի ժողովրդի, եկել է ժամանակը, երբ Ասադը պետք է հեռանա և թույլ տա ժողովրդին ավարտել անցումը»:

ԱՄՆ-ի կողմից արված հայտարարություններից փոքր-ինչ հետո նման հայտարարությամբ են հանդես եկել Եվրոպայի պետությունների ղեկավարները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Մեծ Բրիտանիայի վարպչապետ Դեյվիդ Քեմերոնն իրենց համատեղ հայտարարության մեջ ասել են, որ «իր ժողովրդի նկատմամբ ռազմական բռնի ուժ գործադրող Ասադը կորցրել է լեգիտիմությունը և այլևս չի կարող շարունակել երկրի ղեկավարումը»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG