Մատչելի հղումներ

Մուբարաքը չի մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին


Մուբարաքը չի մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին
Մուբարաքը չի մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, հանդես գալով հեռուստատեսությամբ մոտ 30 տարվա իր պաշտոնավարության ժամկետի ավարտին մոտենալու մասին հայտարարությամբ, երեքշաբթի օրը ուշ երեկոյան ասել է, որ չի մասնակցելու երկրում սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։

«Ժողովրդիս ծառայությանը նվիրված կյանքս սպառվել է», - ասել է նա՝ ավելացնելով, որ հեռանալու է իր զբաղեցրած պաշտոնից՝ հանուն երկրի կայունության։

Նախօրոք ձայնագրված ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ երկրում Մուբարաքի հրաժարականը պահանջող տասնյակ հազարավոր բնակիչների մասնակցությամբ բողոքի ցույցերի սկզբից հետո։

Քիչ հավանական է սակայն, որ Մուբարաքի հեռուստաելույթում ներկայացված որոշումը նպաստի բողոքի ցույցերի ավարտին, քանի որ ցույցերի մասնակիցները պահանջում են, որ նա հրաժարական տա անմիջապես։

Կահիրեում մի քանի հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ հավաքը տեղի է ունեցել Թահրիր հրապարակում, որը դարձել է խաղաղ ցույցերի կենտրոնը։

Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Սուեզ, Մանսուրա և հյուսիսային Ալեքսանդրիա քաղաքումներ անցկացված ցույցերին։

Կահիրեում ցուցարարների պաստառների վրա գրված է եղել «Ցտեսություն, Մուբարաք» կոչը։ Հանրահավաքների ընթացքում, դիմելով վերևում թռչող ուղղաթիռներին, մասնակիցները վանկարկել են «Տարեք նրան ձեզ հետ»։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցարարների ղեկավարները կոչ են արել Մուբարաքին հրաժարական ներկայացնել մինչև այս ուրբաթ օրը։

Աշխարհիկ և ազատական ընդդիմության ակտիվիստ Մոհամեդ ԷլԲարադեյը «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը երեքշաբթի օրը տված հարցազրույցում նույնպես ասել է, թե Եգիպտոսի ժողովրդի կյանքում «նոր փուլ» սկսելու համար Մուբարաքը պետք է իր պաշտոնից հեռանա մինչև ուրբաթ օրը։

Եգիպտոսի հզոր «Մահմեդական եղբայրություն» շարժումը, ինչպես նաև ընդդիմության աշխարհիկ ուժերը համաձայնել են, որ ԷլԲարադեյը հանդես գա որպես երկրի ընդդիմադիր ուժերի խոսնակ։

Եգիպտոսում անցյալ շաբաթվանից անցկացվող բողոքի ցույցերի սկզբից զոհվել է ավելի քան 140 մարդ։

XS
SM
MD
LG