Մատչելի հղումներ

Եգիպտոսում ցուցարարները սկսել են հավաքվել մեկ միլիոն մարդու մասնակցությամբ հանրահավաքի


Եգիպտոսում ցուցարարները սկսել են հավաքվել մեկ միլիոն մարդու մասնակցությամբ հանրահավաքի
Եգիպտոսում ցուցարարները սկսել են հավաքվել մեկ միլիոն մարդու մասնակցությամբ հանրահավաքի

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հազարավոր մարդիկ սկսել են հավաքվել՝ արձագանքելով ընդդիմության մեկ միլիոն մարդու մասնակցությամբ հանրահավաք անցկացնելու կոչերին։

Զինված ուժերը մնում են Կահիրեում, սակայն չեն միջամտում հավաքներին։ Ավելի վաղ երկրի զինված ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենք ճանաչում են Եգիպտոսի ժողովրդի օրինական պահանջները, և պարտավորվել են չկրակել ցուցարարների վրա։

Ալեքսանդրիա քաղաքում երեքշաբթի օրը նույնպես նախատեսվում է զանգվածային բողոքի ցույցի անցկացում։

Արդեն երկրորդ օրն է, ինչ երկրում չի գործում երկաթուղին։ Որոշ տեղեկությունների համաձայն, իշխանություններն այս կերպ փորձում են թույլ չտալ երկրի տարածաշրջանների բնակիչներին միանալ քաղաքում անցկացվող ցույցերին։

Եգիպտոսում երեքշաբթի օրը համացանցը մնում է անջատված, սակայն «Google» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «Twitter» միկրո-բլոգերի կայքում հնարավոր է հաղորդագրություն տեղադրել՝ որոշակի հեռախոսահամարով զանգահարելու և ձայնային հաղորդագրություն թողնելու միջոցով։

Եգիպտոսի նորանշանակ փոխնախագահ Օմար Սուլեյմանի համաձայն, երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հանձնարարությամբ անհապաղ սկսելու է «քաղաքական բոլոր ուժերի» հետ երկխոսությունը սահմանադրական և իրավական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։ Մուբարաքի երկար տարիների զինակից Սուլեյմանը սակայն չի մանրամասնել, թե ինչ փոփոխություններ են կատարվելու, և որ խմբավորման հետ է կապ հաստատելու կառավարությունը։

«Ուոլ Սթրիտ Ջորնըլ» թերթի փոխանցմամբ, ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են բանակցել, քանի դեռ Մուբարաքը մնում է իր պաշտոնում։

Եգիպտոսի ընդդիմության նորաստեղծ կոալիցիայի մասնակիցներից կազմված ճգնաժամային հանձնաժողովի հանդիպումը կայացել է երկուշաբթի օրը, որի ընթացքում քննարկվել է Մուբարաքի հրաժարականի դեպքում ընդդիմության ռազմավարությունը։

Կոալիցիայի մասնակիցները կոչ են արել երեքշաբթի օրն ավելի բազմամարդ ցույցեր անցկացնել, սակայն իրենց պահանջների ցանկի շուրջ վերջնական պայմանավորվածության չեն եկել։

XS
SM
MD
LG