Մատչելի հղումներ

Եգիպտոսի բանտերից ազատ են արձակվել ընդդիմության գործիչները


Եգիպտոսի բանտերից ազատ են արձակվել ընդդիմության գործիչները
Եգիպտոսի բանտերից ազատ են արձակվել ընդդիմության գործիչները

Եգիպտոսում արգելված «Մահմեդական եղբայրություն» քաղաքական կուսակցության առնվազն 34 անդամ ազատ է արձակվել բանտերից կիրակի օրը, երբ ցուցարարներին հաջողվել է կոտրել բանտի պահակների դիմադրությունը։

Այս մասին կիրակի օրը հայտնել է կուսակցության խոսնակը։ «Մահմեդական եղբայրություն» կուսակցության անդամները, հազարավոր այլ բանտարկվածների հետ միասին, ազատ են արձակվել երեքշաբթի օրվանից Կահիրեում, Ալեքսանդրիայում և Եգիպտոսի այլ քաղաքներում շարունակվող բողոքի ցույցերի արդյունքում։

Կազմակերպության ղեկավարը հայտարարել է, թե իրենք պահանջում են, որ նախագահ Հոսնի Մուբարաքը կազմի ազգային միասնության կառավարություն, հրավիրի ընտրություններ եւ ներկայացնի հրաժարական:

Ցուցարարները կիրակի օրը կրկին հավաքվել են հասարակական վայրերում՝ շարունակելով բողոքել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնավարման դեմ։

Երկրի քաղաքների փողոցներ դուրս են բերվել զինված ուժերը, որոնք փորձում են դադարեցնել արդեն ավելի քան 100 մարդու մահվան և մոտ հազար վիրավորի պատճառ դարձած բռնությունները։

Եգիպտոսի պաշտոնական մամուլի համաձայն, երկրի կառավարությունը կարգադրել է դադարեցնել Կահիրեում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության գործունեությունը, որը մանրամասն հաղորդումներ է հեռարձակել բողոքի ցույցերի ընթացքի մասին։ «Ալ Ջազիրա»–ի ներկայացուցիչների համաձայն, այս քայլը նպատակ ունի «խեղդել և ճնշել» ազատ և բաց լրատվությունը։

Կահիրեի բնակիչներից շատերը, անտեսելով երկրում գործող պարետային ժամը, իրենց տները պաշտպանելու համար կազմել են համայնքային պահակախմբեր։

Եգիպտոսի նախագահ Մուբարաքը շաբաթ օրը հանդես է եկել երկրում փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այս պաշտոնում հետախուզական ծառայության պետ Օմար Սուլեյմանին նշանակելու մասին։

Եգիպտոսի ընդդիմության գործիչ Մոհամեդ ԷլԲարադեյը, մեկնաբանելով Մուբարաքի գործողությունները, ասել է, որ միայն նոր պաշտոն ստեղծելը բավարար չէ։ «Ալ Ջազիրա»–ին տված հարցազրույցում Նոբելյան մրցանակակիր ԷլԲարադեյն ասել է, որ ցուցարարները պահանջում են փոխել վարչակարգը և վերջ տալ բռնապետությանը։

Զինվորական պահակախմբերը արգելափակել են մուտքը դեպի Եգիպտոսի տեսարժան վայրեր և թանգարաններ, ներառյալ բուրգերը և Եգիպտական թանգարանը։

XS
SM
MD
LG