Մատչելի հղումներ

Եգիպտոսում շարունակվում են բողոքի ցույցերը


Եգիպտոսում շարունակվում են բողոքի ցույցերը

Եգիպտոսում շարունակվում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի 30-ամյա կառավարմանն ընդդեմ անցկացվող բողոքի ցույցերը։ Սպասվում է, որ ցույցերին կմիանա ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին նախագահ Մոհամեդ Էլ Բարադեյը։

Արդեն երկու օր է, ինչ երկրում տեղի են ունենում հազարավոր ցուցարարների բախումները Եգիպտոսի ոստիկանության հատուկ ուժերի հետ։ Ոստիկանությունը երկրի կառավարության կողմից ցույցերն արգելող հրամանը խախտած ցուցարարների դեմ կիրառել է ռետինե գնդակներ և արցունքաբեր գազ։

Ցույցերի երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն չորս մարդ։

Կահիրեում և երկրի այլ քաղաքներում անցկացված ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ արտասանել են Մուբարաքի վարչակարգին վերջ տալու կոչեր։ Պաշտոնական տվյալների համաձայն, բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել ոստիկանության 85 ծառայող։

Կահիրեում ուրբաթ օրը լայնածավալ ցույց անցկացնելու կոչերը տարածելու համար ակտիվիստներն օգտագործել են սոցիալական ցանցերի կայքերը։

Հակակառավարական գործողությունների այսպիսի համակարգված ալիք Եգիպտոսում տեղի չի ունեցել 1981 թվականին Մոբարաքի կողմից Եգիպտոսի նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակից։Նա իր պաշտոնը ստանձնել է՝ մահմեդական զինյալների կողմից նախկին նախագահ Անվար Սադաթի սպանությունից հետո։

Թունիսում անցյալ տարվա դեկտեմբեր ամսին անցկացված հակակառավարական ցույցերի դրդապատճառ դարձած ինքնահրկիզումից հետո, Եգիպտոսում գրանցվել է ինքնահրկիզման առնվազն հինգ դեպք։

XS
SM
MD
LG