Մատչելի հղումներ

Եգիպտոսի զինված ուժերը հրաժարվել են ցուցարարների դեմ ուժ կիրառել


Եգիպտոսի զինված ուժերը հրաժարվել են ցուցարարների դեմ ուժ կիրառել

Եգիպտոսի զինված ուժերը երկուշաբթի օրը հրաժարվել են ուժ կիրառել ցուցարարների դեմ։

Ցուցարարները կոչ են արել Կահիրեում երեքշաբթի օրը կազմակերպել մեկ միլիոն մարդու մասնակցությամբ բողոքի ցույց, ինչպես նաև համընդհանուր գործադուլ։ Եգիպտոսի մայրաքաղաքում երկուշաբթի օրվա գիշերն անցկացված բազմահազարանոց ցույցերից հետո գրեթե բոլոր ձեռնարկությունները դադարեցրել են իրենց աշխատանքը։

Կահիրեի Թահրիր հրապարակում շարունակվում է տասնյակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ հավաքը։ Ցուցարարները անտեսել են կառավարության կողմից հայտարարված պարետային ժամը և շարունակում են պահանջել նախագահ Մուբարաքի հրաժարականը։

Եգիպտոսի լրատվամիջոցները հաղորդել են Մուբարաքի կողմից ներքին գործերի և ֆինանսների նոր նախարարներ նշանակելու մասին, ինչը դիտվում է որպես ցույցի մասնակիցներին հանդարտացնելու փորձ։ Երկրի կառավարությունում կատարված փոփոխությունների արդյունքում իրենց պաշտոններում հաջողվել է մնալ արտաքին գործերի նախարարին և արդեն երկար տարիներ իր պաշտոնը զբաղեցնող պաշտպանության նախարարին։

Եգիպտոսում դեռ չի վերականգնվել համացանցային հաղորդակցությունը: Իսկ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Եգիպտոսի իշխանությունները կարգադրել են փակել Կահիրեում այս ընկերության գրասենյակը։

Եգիպտոսի իշխանությունները բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության հետ բախումներից հետո այդ ուժերը հետ քաշելուց երկու օր անց կրկին փողոց են դուրս բերել ոստիկանության ծառայողներին։

Ոստիկանությունը վերադարձել է առօրյա պարտականությունների կատարմանը՝ ստանալով ցուցարարների հետ առճակատումներից խուսափելու հրաման։

Երկրի բանակը շարունակում է վերահսկել փողոցները։ Բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ և հրասայլեր երկրի մայրաքաղաք Կահիրեում հսկողության տակ են վերցրել բանկերը, կառավարական շենքերը և ներքին գործերի նախարարության կենտրոնական գրասենյակը։

Երկրում անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցներն արդեն երրորդ օրն է, ինչ անտեսում են կառավարության կողմից սահմանված պարետային ժամը՝ չթուլացնելով հրաժարական տալու մասին նախագահ Հոսնի Մուբարաքին ուղղված պահանջները։

Եգիպտոսում երեքշաբթի օրվանից անցկացվող բողոքի ցույցերի սկզբից զոհվել է ավելի քան 100 մարդ։

Երկրում հանպատրաստից, տեղական մակարդակի վրա սկսված ապստամբությունը կիրակի օրվանից սկսել է լուրջ նախապատրաստվել, երբ Եգիպտոսում արգելված «Մահմեդական եղբայրություն» շարժումը հանդես է եկել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ ԷլԲարադեյին սատարելու հայտարարությամբ։

Ընդդիմադիր նորաստեղծ կոալիցիան, որի կազմում ընդգրկված է մահմեդական այս շարժումը, դիմել է ԷլԲարադեին՝ ազգային միասնության կառավարություն կազմելու և Եգիպտոսի զինված ուժերի հետ կապեր հաստատելու խնդրանքով։

ԷլԲարադեյը կիրակի օրվա սկզբին, ելույթ ունենալով Կահիրեի Թահրիր հրապարակում ժողովված ցուցարարների առջև, ասել է, թե «հետդարձի ճանապարհ չկա», և կոչ է արել կառուցել «յուրաքանչյուր քաղաքացու ազատությունն ու արժանապատվությունն ապահովող նոր Եգիպտոս»։

«Սի-Էն-Էն» ընկերությանը տված հարցազրույցում ԷլԲարադեյը նշել է, որ Եգիպտոսի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը «կորցնում է արժանահավատությունը», քանի որ ԱՄՆ-ը ժողովրդավարության կոչերով է հանդես գալիս՝ միաժամանակ շարունակելով աջակցություն ցուցաբերել Եգիպտոսի նախագահի վարչակարգին։

Եգիպտոսի նախագահ Մուբարաքը կիրակի օրը կառավարությանը հրահանգել է պահպանել նպաստները, վերահսկել գնաճը և ստեղծել նոր աշխատատեղեր։

Հանդես գալով պետական հեռուստատեսությամբ՝ Մուբարաքը շեշտել է երկրի ընդդիմադիր կուսակցությունների հետ երկխոսության միջոցով քաղաքական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը։

XS
SM
MD
LG