Մատչելի հղումներ

Կահիերում տեղի են ունեցել բախումներ Մուբարաքի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև


Կահիերում տեղի են ունեցել բախումներ Մուբարաքի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում չորեքշաբթի օրը տեղի են ունեցել բախումներ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների եւ նրա հրաժարականը պահանջող ցուցարարների միջեւ:

Երկու կողմերն իրար ուղղությամբ քարեր են նետել, իսկ ամբոխի միջով՝ անցել ձիավորներ և ուղտերի վրա նստած մարդիկ:

Եգիպտոսի զինված ուժերը չորեքշաբթի օրը կոչ են արել ցուցարարներին վերադառնալ բնականոն կյանքի` ասելով, որ նրանց ուղերձը լսվել է, պահանջները` ընկալվել:

Մուբարաքը երեքշաբթի օրվա վերջին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը չի մասնակցելու սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն ասել է, որ մնալու է իր պաշտոնում մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Մուբարաքի ելույթից քիչ անց Եգիպտոսի հյուսիսային Ալեքսանդրիա քաղաքում սկսվել են բախումներ նրա ընդդիմախոսների և կողմնակիցների միջև: Վնասվածքներ է ստացել առնվազն 12 մարդ:

Նման բախումներ տեղի են ունեցել նաև Սուեզում և այլ քաղաքներում:

Երկրում համացանցային կապը, մի քանի օր աննախադեպ անջատումներից հետո, աստիճանաբար վերականգնվում է:

Ժողովրդավարության ջատագով Մոհամեդ ԷլԲարադեյը «Սի-Էն-Էն» ամերիկյան լրատվական գործակալությանը հայտնել է, որ իշխանության ղեկին մնալու մասին Մուբարաքի որոշումը մինչև սեպտեմբեր երկարաձգելու է Եգիպտոսի «հոգևարքը»:

Մուբարաքի կողմից հայտարարությամբ հանդես գալուց առաջ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել նրան չմասնակցել նախագահական հաջորդ ընտրություններին` դրանով, փաստորեն, նշելով, որ ԱՄՆ-ը այլևս չի սատարելու արաբական իր ամենամոտ դաշնակիցներից մեկին:

«Այժմ որևէ երկիր չի կարող որոշել, թ ինչպիսին է լինելու Եգիպտոսի ղեկավարությունը: Սակայն պարզ է, և ես այսօր այս մասին հայտնել եմ նախագահ Մուբարաքին, որ, իմ կարծիքով, անցումը պետք է լինի իմաստալից, խաղաղ, և այն պետք է սկսել հենց հիմա», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

XS
SM
MD
LG