Մատչելի հղումներ

Բազմաթիվ վիրավորներ՝ Եգիպտոսում տեղի ունեցած բախումների հետևանքով


Բազմաթիվ վիրավորներ՝ Եգիպտոսում տեղի ունեցած բախումների հետևանքով

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև Կահիրեում չորեքշաբթի օրը տեղի են ունեցել զանգվածային բախումներ, ինչի ընթացքում մասնակիցներն իրար դեմ են նետել քարեր, իրար ծեծի ենթարկել բռունցքներով և մահակներով։

Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից լրագրողները հաղորդել են, որ Եգիպտոսի զինված ուժերը օդ են կրակել՝ փորձելով վերջ տալ բախումներին։ Զինված ուժերը փորձել են մեքենաների միջոցով իրարից առանձնացնել հակառակորդ կողմերը։ Բռնությունների պատճառով զոհվել է մեկ զինվորական։

Ականատեսների համաձայն, Մուբարաքի կողմնակիցները դյուրավառ հեղուկով լցված առնվազն երկու շիշ նետել են Եգիպտոսի հնագիտական թանգարանի տարածք։ Կրակը սակայն արագ մարվել է։

Կահիրեի Թահրիր հրապարակում չորեքշաբթի երեկոյան իրավիճակը հանդարտվել է, և բախումների ընթացքում վնասվածքներ ստացած ավելի քան 400 տուժածներին սկսել են բժշկական օգնություն ցուցաբերել։ Հրապարակի մոտ գտնվող մզկիթում բժիշկները ինքնաշեն բուժկետ են կահավորել։

Ամբոխները մնացել են քաղաքի փողոցում՝ կրկին անգամ անտեսելով կառավարության կողմից սահմանված պարետային ժամը։

Հակակառավարական ցույցերի մասնակիցները չորեքշաբթի օրը տեղի ունեցածի համար պատասխանատվությունը դրել են ոստիկանության գաղտնի աշխատողների վրա։ Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի ներքին գործերի նախարարը հերքել է քաղաքացիական զգեստ կրող ոստիկանության գործակալների միջամտությունը։

Ժողովրդավարության ջատագով Մոհամեդ ԷլԲարադեյը «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե կառավարությունը փորձում է ստեղծել վախի մթնոլորտ և մտահոգություն է հայտնել, որ բախումները կարող են վերածվել արյունահեղության։

Ընդդիմադիր կազմակերպությունները, ներառյալ երկրում արգելված «Մահմեդական եղբայրություն»-ը, հրաժարվել են բանակցել կառավարության հետ, քանի դեռ Մուբարաքը մնում է իշխանության ղեկին։

XS
SM
MD
LG