Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբների խորհուրդի նախագահը` երկրի ապագայի մասին


Լիբիայի ընդդիմադիր Անցումային ազգային խորհրդի նախագահը շնորհավորանքի խոսք է ուղղել ապստամբների մարտիկներին, որոնք մուտք են գործել երկրի մայրաքաղաք Տրիպոլի` ասելով, որ «մեկնարկել է Քադաֆիին իշխանության ղեկից հեռացնելուն ուղղված պայքարի եզրափակիչ փուլը»:

Մուսթաֆա Աբդել Ջալիլը, ելույթ ունենալով երկուշաբթի օրը Բենգազի քաղաքում, հորդորել է նաև պաշտպանել քաղաքացիական անձանց և իրենց գույքը, զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ արդարադատությունն իրենց ձեռքով իրականացնելուց:

Ապստամբների խորհրդի նախագահի համաձայն, Քադաֆիից հետո Լիբիայում կառուցվելու է մի պետություն, որտեղ դատարանի առջև են կանգնելու բոլոր նրանք, ովքեր, իր խոսքերով, Քադաֆիի իշխանության օրոք պատճառել են «այս ամբողջ վնասը»: Նա ասել է, որ ժողովուրդը պետք է թույլ տա, որպեսզի «արդարադատությունն իր հունով ընթանա»:

Ջալիլի համաձյան, Քադաֆիից հետո Լիբիայում իշխանության հիմքում ընկած կլինի ազատությունը, արդարությունը, հավասարությունն ու թափանցիկությունը` չափավոր մահմեդականության շրջանակներում, որտեղ բոլոր քաղաքացիները լինելու են հավասար և ունենալու են արժանապատիվ կյանքի իրավունք:

Լիբիայի ընդդիմադիր Անցումային ազգային խորհրդի նախագահն իր ելույթում շնորհակալության խոսք է ուղղել միջազգային հանրությանը` ճգնաժամի ողջ ընթացքում Լիբիայի ժողովրդին ցուցաբերած օժանդակության համար:

Նմանատիպ

XS
SM
MD
LG