Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները հայտարարել են Բրեգա քաղաքը գրավելու մասին


Լիբիայի ապստամբները հայտարարել են Բրեգա քաղաքը գրավելու մասին

Լիբիայի ապստամբները հայտարարել են Բրեգա կարևոր նավթային և նավահանգստային քաղաքի բնակելի մի քանի թաղամաս գրավելու մասին:

Ապստամբների խոսնակի համաձայն, իրենց մարտիկներից երկուսը զոհվել են և առնվազն 16-ը վնասվածքներ են ստացել հինգշաբթի օրը երկրի մայրաքաղաք Տրիպոլիից 750 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն ուղղված մարտերում:

Լիբիայի ապստամբները հայտնել են նաև, որ երկրի արևմուտքում գործող իրենց ուժերը հինգշաբթի օրը շարժվել են դեպի Զավիյա առափնյա քաղաքը՝ Մուամար Քադաֆիի նստավայր Տրիպոլիին ամենամոտ կետը, որին դեռևս հաջողվել է մոտենալ ապստամբներին:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Կանադայի իշխանությունները կարգադրել են Օտավայում գտնվող Լիբիայի դիվանագետներին լքել երկիրը` փորձելով է՛լ ավելի «մեկուսացնել և լեգիտիմությունից զրկել» Մուամար Քադաֆիի կառավարությունը:

Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեադը «անցանկալի անձ» է անվանել Լիբիայի դիվանագետներին և ասել, որ դեսպանատունն ազատելու և երկրից հեռանալու համար նրանց տրվել է հինգ օր:

Բացի դրանից, Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, թե արգելափակելու է դիվանագետների մուտքը դեպի դեսպանության բանկային հաշիվները:

Մեծ Բրիտանիան հուլիսի վերջին երկրից վտարել է Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմից նշանակված դիվանագետներին և որպես երկրի լեգիտիմ կառավարություն պաշտոնապես ճանաչել Անցումային ազգային խորհուրդը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն ասել էր, որ որպես նման քայլ կատարելու հիմք ընդունվել է Լիբիայի ընդդիմության գնալով աճող հեղինակությունը, բանիմացությունը և երկրի ժողովրդի կարիքները հոգալու գործում ձեռք բերված հաջողությունները: Նրա համաձայն, ապստամբների Խորհրդի հետ Մեծ Բրիտանիան հարաբերությունները զարգացնելու է նույն կերպ, ինչ աշխարհի այլ պետությունների կառավարությունների հետ: Արտգործնախարարը նշել էր նաև, որ Անցումային ազգային խորհուրդն աշխատում է առավել բաց և ժողովրդական երկիր կառուցելու ուղղությամբ, ինչը զգալիորեն տարբերվում է Քադաֆիի կողմից իրականացվող բռնությունների քաղաքականությունից, որը և զրկել է վերջինիս երկրում օրինական կառավարման հնարավորությունից:

XS
SM
MD
LG