Մատչելի հղումներ

ՆԱՏՕ. «Լիբիայում առաքելությունը դեռևս ավարտված չէ»


ՆԱՏՕ. «Լիբիայում առաքելությունը դեռևս ավարտված չէ»

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ Լիբիայում իր առաքելությունը դեռ ավարտի չի հասցվել, քանի որ Մուամար Քադաֆիի նստատեղի շրջակայքում նոր մարտեր են բռնկվել:

Դաշինքի խոսնակ Օանա Լունգեսկուին Բրյուսելից երեքշաբթի օրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն իր առաքելությունը շարունակելու է այնքան ժամանակ, մինչև չդադարեն քաղաքացիական անձանց ուղղությամբ հարձակումները կամ հարձակումների վտանգը:

ՆԱՏՕ-ի ռազմական գծով խոսնակ, գնդապետ Ռոլան Լավոիեի համաձայն, Մուամար Քադաֆին ՆԱՏՕ-ի ուժերի թիրախը չէ, սակայն դաշինքը Լիբիայում «հարված կհասցնի ցանկացած վայրում, որտեղ անհրաժեշտ կլինի պաշտպանել քաղաքացիական անձանց»:

Լիբիայի մայրաքաղաքում ծանր մարտերը երեքշաբթի օրը վերսկսվել են Քադաֆիի Բաբ ալ-Ազիզիա նստավայրի մոտակայքում:

Քադաֆիի գտնվելու վայրը դեռ անհայտ է, սակայն իր որդի Սեիֆ ալ-Իսլամն այսօր արված իր հայտարարության մեջ նշել է, որ իր հայրը դեռ գտնվում է Տրիպոլիում:

Լիբիայի ապստամբների ղեկավարները և Միջազգային քրեական դատարանը նախկինում հայտնել են Մուամար Քադաֆիի որի Սեիֆ ալ-Իսլամի ձերբակալության մասին, սակայն վերջինս երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպում է անցկացրել Քադաֆիի ուժերի կողմից վերահսկվող «Ռիքսոս» հյուրանոցում, որից հետո Սեիֆ ալ-Իսլամն ուղեկցել է լրագրողներին Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից վերահսկվող տարածքներ:

Միջազգային քրեական դատարանը երեքշաբթի օրը վիճարկել է Սեիֆ ալ-Իսլամի ձերբակալության մասին տարածված հաղորդագրությունները` ասելով, որ դատարանն այդ մասին երբեք չի ստացել պաշտոնական որևէ լուր Լիբիայի Անցումային ազգային խորհրդի կողմից:

Նմանատիպ

XS
SM
MD
LG