Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբ ուժերը գրավել են մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը


Լիբիայի ապստամբ ուժերը գրավել են մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը

Լիբիայի ապստամբ ուժերը, որոնք արդեն մի քանի ամիս շարունակ պայքար են մղում ընդդեմ այս երկրի ղեկավար Մոամար Քադաֆիի 42 ամյա իշխանության, մուտք են գործել մայրաքաղաք Տրիպոլի ու հանդիպել վերջինիս աջակից ուժերի չնչին դիմադրությանը։

Գրոհից հետո պարզ չէր Քադաֆիի գտնվելու վայրը, սակայն ընդդիմությանը հաջողվել է գերել նրա երկու որդիներին, որոնց իրենց հոր նման Նիդերլանդների Քրեական միջազգային դատարանում սպասվում է մարդկության դեմ իրականացված հանցագործությունների մեղադրանքը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Քադաֆիի հենակետ-թաքստոցը պաշարման մեջ է։

Փողոցներում հավաքված ամբոխն ու ապստամբ ուժերը նշում են Քադաֆիի իշխանության տապալումը եւ օդ արձակում կրակահերթեր, ծածանում ապստամբ ուժերի եռագույն դրոշը։

Չնայած երկուշաբթի վաղ առավոտյան քաղաքի որոշ հատվածներում լսվում էր Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից արձակվող կրակ, Կանաչ հրապարակի առումը համարվում է հաղթանակի խորհրդանիշ, որտեղ արդեն մի քանի ամիս Քադաֆիին հավատարիմ կառավարությունն անց էր կացնում նրան հավատարմության շինծու հանրահավաքներ։

Տրիպոլիի առումը սկսվեց ռազմավարական նշանակություն ունեցող Զավիյա քաղաքը երկու օր առաջ եւ ապա մի շարք այլ քաղաքներ հերթով գրավելուց հետո։

Իսկ դեպի Տրիպոլի ապստամբների առջեւ ուղի հարթվեց, երբ Քադաֆիին ու մայրաքաղաքը պաշտպանող զորամիավորումը հանձնվեց, հրամայելով զինվորներին վայր դնել զենքը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, թե Քադաֆիի վարչակարգը տապալվում է, եւ որ ժամանակն է Լիբիայում հիմնել ժողովրդավարություն։

XS
SM
MD
LG