Մատչելի հղումներ

Քադաֆին կոչ է արել Տրիպոլիի բնակիչներին ազատել քաղաքն ապստամբներից


Քադաֆին կոչ է արել Տրիպոլիի բնակիչներին ազատել քաղաքն ապստամբներից

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի բնակիչներին «մաքրել քաղաքն ապստամբներից» այն բանից հետո, երբ ընդդիմության մարտիկները գրավել են իր նստավայրը՝ այնտեղից հետները տանելով զենքեր, հեռուստացույցներ ու հուշանվերներ:

Քադաֆին չորեքշաբթի օրը հեռարձակված իր ուղերձում ասել է, որ «խելամտորեն և աննկատ» հեռացել է Տրիպոլիից, սակայն չի ասել, թե երբ է դա տեղի ունեցել:

Կառավարական հեռուստաալիքը, մեջբերելով Քադաֆիի խոսքը, ասել է, թե իր կողմից Բաբ ալ-Ազիզիա նստավայրից հեռանալը «մարտավարական քայլ» է, որին նա դիմել է՝ նստավայրի ուղղությամբ ՆԱՏՕ-ի կողմից իրականացված օդային բազմաթիվ հարձակումներից հետո:

«Ալ-Ռաի» հեռուստաընկերությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, թե Քադաֆին խոստացել է «նահատակվել կամ հաղթել ՆԱՏՕ-ի ագրեսիայի դեմ մղվող պայքարում»:

Տրիպոլիի բնակիչները չորեքշաբթի առավոտյան տոնել են Լիբիայի առաջնորդի նստավայրի գրավումը, չնայած ոչ Քադաֆին, ոչ իր ընտանիքի անդամներն այնտեղ չեն հայտնաբերվել:

Լիբիայի ապստամբներին հաջողվել է գրավել Բաբ ալ-Ազիզիա նստավայրը Տրիպոլիում երեք օր ընթացող մարտերից հետո, որոնց ընթացքում, ըստ Լիբիայի Անցումային ազգային խորհուրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլի, զոհվել է ավելի քան 400, վնասվածքներ ստացել՝ 2 000 մարդ: Ջալիլը սակայն չի նշել, արդյոք ներկայացվել են երկու կողմերի կրած վնասները:

Անցումային ազգային խորհուրդի նախագահն ասել է նաև, որ մարտերի արդյունքում գերի է ընկել Լիբիայի առաջնորդի մոտ 600 մարտիկ՝ հավելելով, որ սակայն պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև չձեռբակալվի ինքը՝ Քադաֆին:

XS
SM
MD
LG