Մատչելի հղումներ

Կանադան վտարել է Լիբիայի դիվանագետներին


Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեադ

Կանադայի իշխանությունները կարգադրել են Օտավայում գտնվող Լիբիայի դիվանագետներին լքել երկիրը` փորձելով է՛լ ավելի «մեկուսացնել և լեգիտիմությունից զրկել» Մուամար Քադաֆիի կառավարությունը:

Երկրի արտաքին գործերի նախարար Ջոն Բեադը «անցանկալի անձ» է անվանել Լիբիայի դիվանագետներին և ասել, որ դեսպանատունն ազատելու և երկրից հեռանալու համար նրանց տրվել է հինգ օր:

Բացի դրանից, Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, թե արգելափակելու է դիվանագետների մուտքը դեպի դեսպանության բանկային հաշիվները:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Մեծ Բրիտանիան երկրից վտարել է Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմից նշանակված դիվանագետներին և որպես երկրի լեգիտիմ կառավարություն պաշտոնապես ճանաչել Անցումային ազգային խորհուրդը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն ասել էր, որ որպես նման քայլ կատարելու հիմք ընդունվել է Լիբիայի ընդդիմության գնալով աճող հեղինակությունը, բանիմացությունը և երկրի ժողովրդի կարիքները հոգալու գործում ձեռք բերված հաջողությունները: Նրա համաձայն, ապստամբների Խորհրդի հետ Մեծ Բրիտանիան հարաբերությունները զարգացնելու է նույն կերպ, ինչ աշխարհի այլ պետությունների կառավարությունների հետ:

Հեյգը նշել էր նաև, որ Անցումային ազգային խորհուրդն աշխատում է առավել բաց և ժողովրդական երկիր կառուցելու ուղղությամբ, ինչը զգալիորեն տարբերվում է Քադաֆիի կողմից իրականացվող բռնությունների քաղաքականությունից, որը և զրկել է վերջինիս երկրում օրինական կառավարման հնարավորությունից:

XS
SM
MD
LG